26 փետրվարի 2009 - 15:46 AMT
Աբդուլլահ Գյուլը մտադիր է վերջ դնել Թուրքիայի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների ճգնաժամին
Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մտադիր է հաջորդ ամիս պաշտոնական այցով մեկնել Իսրայել եւ վերջ դնել երկու պետությունների միջեւ հարաբերությունների ճգնաժամին:
Անցյալ շաբաթ Իսրայել էր մեկնել Թուրքիայի հրեական համայնքի ղեկավար Ժակ Քամհին, որը հայտնի է նախագահի հետ իր կապերով: Քամհին հանդիպել էր Իսրայելի նախագահ Պերեսի, վարչապետ Օլմերթի եւ արտգործնախարար Լիվնիի հետ:
Պերեսի հետ հանդիպման ժամանակ Քամհին նրան հանձնեց նախագահ Գյուլի անձնական նամակը:
Գյուլի պաշտոնական այցը Իսրայել ծրագրվել էր դեռեւս հունվարին: Բայց այցը հետաձգվեց առողջական խնդիրների հետ կապված, եւ բժիշկներն արգելեցին Թուրքիայի նախագահին ինքնաթիռով թռչել: Այնուամենայնիվ, նա ապաքինվեց եւ ջերմ ցանկություն է հայտնում մոտակա ամսվա ընթացքում այցելելու Իսրայել: Բայց Երուսաղեմի դիվանագիտական աղբյուրները հաղորդում են, որ Գյուլի այցը դժվար թե տեղի կունենա նախքան Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները, որոնք նշանակված են մարտի վերջին: Ավելին, դժվար թե արժե սպասել նրան մինչեւ հունիսի կեսերը, քանի որ Իսրայելի ԱԳՆ չափազանց զբաղված է լինելու Հռոմի Պապի այցի նախապատրաստությամբ, հաղորդում է MIGnews.com-ը: