Վատ կռվող ժողովուրդներ չկան, պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ կան. Քոչարյանի հարցազրույցից գլխավորը

Վատ կռվող ժողովուրդներ չկան, պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ կան. Քոչարյանի հարցազրույցից գլխավորը

PanARMENIAN.Net - 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ծավալուն հարցազրույց է տվել «5-րդ ալիքին»` խոսելով պատերազմի ու պարտության պատճառների մասին։ PanARMENIAN.Net ն առանձնացրել է դրա կարևորագույն թեզերը։

- ՀՀ իշխանությունն արեց ամեն ինչ պատերազմն անխուսափելի դարձնելու համար։ Բանակցային գործընթացը մտցվեց փակուղի։ Իրարամերժ հայտարարություններով ստեղծվեց մի վիճակ, որ համանախագահողները չէին հասկանում՝ Հայաստանն ինչ է ուզում։ Ստեղծվեց տպավորություն, որ հայկական կողմն ուղղակի հնարքներ է հորինում բանակցային գործընթացը փակուղի տանելու համար։ Պատերազմը սկսվել է այն պահին, երբ գրեթե ոչ ոք չէր կասկածում, որ բանակցային գործընթացը խոչընդոտվում է հայկական կողմի պատճառով։ Հայկական կողմը լեգիտիմիզացրել է Ադրբեջանի ագրեսիան Ղարաբաղի նկատմամբ։ ԼՂՀ իրավական հիմքն ազգերի ինքնորոշման իրավունքն է։ Մեր հայտարարություններով հարցի կարգավորումը բերեցինք պետությունների տարածքային ամբողջականության տիրույթ։ Քանի՞ երկիր դատապարտեց Ադրբեջանին պատերազմ սկսելու համար։ Սրա անունն ի՞նչ է , եթե ոչ դիվանագիտական ձախողում։ Պատճառը մեկն է՝ Ադրբեջանը վերականգնում է իր տարածքային ամբողջակայութնունը, իսկ այսպիսի ընկալումը մեր իշխանության մեղքն է։ «Արցախը Հայաստանն է և վերջ»՝ մի բանաձև է, որը նշանակում է տեղափոխել հարցը հայ-ադրբեջանական հարաբերությունների տիրույթ։ Մեղավորը վարչապետն է՝ ինքը սկսեց բանակցությունները «սեփական կետից»։

- Տավուշում հուլիսյան միջադեպը հրահրել էր հայկական կողմը։ Երբ ԳՇ պետն ասում է հունիսի 12-ին, որ զեկուցագիր է ուղարկել, որ ՀՀ-ն պատրաստ չէ պատերազմին, և դրանից մեկ ամիս անց հրահրել այդպիսի միջադեպ, ուռճացնել դրա նշանակությունը, 70 հոգու «Մարտական խաչով» պարգևատրել, խոսել այն մասին, որ հաղթեցինք թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային՝ սա ի՞նչ է, եթե ոչ պատերազմի հրահրում։ Եթե գիտես, որ պատրաստ չես պատերազմին՝ ինչո՞ւ ես դիմում այդ քայլին։

- «Նոր պատերազմ, նոր տարածքներ»-ի մասին․ պաշտպանության նախարարի միջոցով Ադրբեջանի նկատմամբ հնչեցրել ենք այնպիսի սպառնալիք, որի ամենակարճ չեզոքացման ճանապարհը Թուրքիայի ներգրավումն է։ Ասում ես մի բան, որի բավարար ուժ չունես, բայց քո խոսքով դրդում ես թշնամուդ Թուրքիայի հետ ավելի ինտեգրված պաշտպանական համակարգում համագործակցության։ Ինչու՞ ես դատարկությամբ զբաղվել, եթե տակը բան չունեիր։

- Ադրբեջանին շանս չես թողել հույս փայփայելու, որ դիվանագիտական ճանապարհով կարող է որևէ բանի հասնել։ Եթե այդպիսի շանս չես թողնում, մնում է պատերազմը։

- Հաղթելու կամ ոչ կապիտուլյացիոն ակտ ստորագրելու մասին․ «Չեմ կասկածում, որ հնարավոր էր»։ Ապրիլյանից հետո ակնհայտ էր՝ ինչ բնույթի պատերազմ ենք ունենալու։ Ինչու՞ պատրաստ չէինք։ Ասում էին, թե օդը լիարժեք փակված է, պարզվեց՝ լիարժեք բաց է։

- Երրորդ օրը դադարեցրել ենք կանոնավոր բանակի համալրումն ու անցում կատարել ջոկատային համակարգի․․․ 1992-94 թվականների պատերազմը հաղթել ենք հիմնականում այն պատճառով, որ 1 տարի ավելի շուտ անցել ենք կանոնավոր բանակի։ 27 տարի անց ինչպիսի՞ մտածելակերպ պիտի ունենա Գերագույն գլխավոր հրամանատարը, որ շուռ տա և գնա հակառակ ուղղությամբ։

- Հարավում 14 կիլոմետրի վրա չդիմացանք, և այդ 14 կիլոմետրով ադրբեջանցիները զարգարցին գրոհը, և ամբողջ այդ ընթացքում չկարողացանք նոր բնագիծ ձևավորել, որովհետև փորձել են այն ժամանակ կասկածելի օպերացիա իրականացնել՝ այն օպերացիան, որի մասին վարչապետը պատմում էր ՌԲԿ-ին հոկտեմբերի 7-ին։ Այն եղել է վարչապետի հրահանգով, ջախջախել է Ստեփանակերտի գունդն ու հարավում գործող կորպուսը։ Դրանից հետո նոր բնագիծ կառուցելու բավարար ուժեր չունեցանք, մինչդեռ ասում էին՝ պետք է, հյուսիսի պես, նոր բնագիծ կառուցել ու 1 շաբաթ-10 օր պաշտպանվել։ Բայց ընտրեցինք ճանապարհ, որը բերեց ողնաշարի ջարդմանը։

- Սուտն ուղղակի քայքայեց մեր բանակը։ Այսպիսի ստերի տարափից հետո դադարում էին վստահել պետությանը, իսկ պետության ներկայացուցիչը սպան է։

- (Պաշտոնաթող նախագահ) Բակո Սահակյանը գնաց (Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ) հանդիպումը կազմակերպելու համար, երբ հետ եկավ` տարակուսանք էր դեմքին, ասում է՝ չի ուզում, ավելի շուտ՝ ոչ թե չի ուզում, այլ Արայիկ Հարությունյանն ասում է` չեմ կարող, եթե ես հանդիպեմ, ինձ կուտեն, և այդ հանդիպումը վատ կանդրադառնա Ղարաբաղի վրա։ Պարտության պատճառներից մեկը նաև փորձված հրամանատարների չեզոքացումն էր։ Երբ մտա վետերանների միություն, տեսա բոլորին հավաքված։ Ջղայնացա՝ ասացի, ստեղ ի՞նչ եք նում։ Ասում են՝ պարոն նախագահ, մեզ հանեցին հրամանատարական կետից վարչապետի հրահանգով։ Մենք այնտեղ էինք՝ Ջալալ Հարությունյանին օգնելու համար, վարչապետը սելեկտորային խորհրդակցության ժամանակ ասաց դուրս գանք։

- Վարչապետը պարտավոր էր պատերազմը կանգնեցնել հաջորդ օրը, երբ ստացավ ԳՇ զեկույցը։ Երրորդ օրը ստացավ՝ 4-րդ օրը պիտի կանգնեցներ։ Այդ ժամանակ հարավում ադրբեջանցիները 3-4 կմ էին առաջ գնացել։ Այդ ժամանակ ունեինք 500 զոհ։ բայց պատերազմը կանգեցվեց 44-րդ օրը մի քանի հազար զոհ, ավելի քան 10 հազար վիրավոր ունենալուց հետո, և վատագույն սցենարով։ Տարածքները կորցնելուց հետո, առանց որևէ հեռանկարի՝ կարգավիճակը քննարկելու առումով:

- Հիմա Գերագույն գլխավոր հրամանատարը իր հորինած ստերի գերին է դարձել։ Եթե ժողովուրդը իմանար, թե ինչ էր կատարվում, եթե իմանար, որ պարտվում է, եթե իմանար զոհերի իրական թիվը, չէր ասի, որ սա դավաճան է․․․ Քեզ ասելու են դավաճան, որովհետև դու հորինել ես մի հեքիաթ, որն իրականության հետ կապ չուներ, և ամբողջ երկիրը գերի է դարձել քո ստերին, դու ինքնդ ես դարձել քո ստերի գերին։ Մարդիկ եթե իմանային ճշմարտությունը, հակառակը կասեին՝ դժվար քայլ էր, բայց արեց:

- (Ադրբեջանի նախագահ) Իլհամ Ալիևն աքլորացել է՝ իրավունք ունի։ բայց հայրը ողջ լիներ, խելացի մարդ էր, ականջները կքաշեր, կասեր` «հանգիստ մնա»։ Իրենք տեսնում էին՝ ում հետ գործ ունեն Հայաստանում։ Շատ եմ նմանացնում էլչիբեյան ժամանակներին, մեր Էլչիբեյն է։ Երբ Էլչիբեյին փոխեցին, մի քանի օր շատ անտրամադիր էի, քանի որ մեզ համար Աստծո պարգև էր, մտածում էի՝ մարդ կգա, որ ավելի լուրջ կազմակերպչական ունակություններ կունենա։

- Վատ կռվող ժողովուրդներ չկան, կան պատերազմը վատ կազմակերպող կառավարություններ։

- Ինձ համար ոչ միայն անհասկանալի է՝ ինչպես Շուշին հանձնվեց, այլ ինչպես Ջաբրայիլից Շուշի հասան․․․ դա տևեց 2 շաբաթ, և որևէ տեղ նոր բնագիծ չի կառուցվել։

- Հնարավոր չէ, որ պետությունը չիմանա զոհվածների, անհետ կորածների ու գերիների թիվը։

- Հարազատներիցս մեկը՝ Բելլայի (Քոչարյանի տիկնոջ,- խմբ.) քրոջ թոռը, Հենրի Հարությունով, զոհվել է հոկտեմբերի 28-ին, Մարտակերտում, 20 տարեկան, հուղարկավորվել է Եռաբլուրում նոյեմբերի 12-ին։ Մինչև հիմա անունը զոհվածների ցուցակներում չկա։

- Ո՞վ է ՀՀ-ում զբաղվում անհետ կորածների, զոհերի հարցերով։ Մենք խաղաղապահներին կից կառավարությու՞ն ենք։ Մարդիկ չգիտեն` ուր գնան։ Ամբողջ հույսը, որ (ՌԴ նախագահ) Վլադիմիր Պուտինն այս հարցը պետք է լուծի։ Բա դու՞ք ով եք։

- Ես հիշում եմ մեկ դեպք, երբ պետությունը պարտվել է, և իշխանությունը չի փոխվել։ Դա Իրաքի առաջին պատերազմն էր՝ 1991 թվականին։ Սադամ Հուսեյնը մնաց իշխանության՝ իր ամբողջ տոտալիտար համակարգն օգտագործելով։ Վատ ավարտեց՝ կախեցին։

- Այս վիճակում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անելը սխալ է։ Տեսանք՝ էյֆորիայի արդյունքում ինչ ունեցանք, ու ժամանակ է պետք ավելի հանգիստ վիճակում ընտրություններ կազմակերպելու համար։ Գոնե մեկ տարի։

- (Վարչապետի ընդդիմության թեկնածու) Վազգեն Մանուկյանն այն կերպարն է, որն այդ առաքելությունը կարող է կատարել։ Չեմ նախանձում որևէ մեկին, որն այս մեկ տարվա ընթացքում պետք է մտնի այդ անցումային կառավարության մեջ։

- Բանակն ահռելի կարուստներ է ունեցել զինտեխնիկայի առումով։ Այդ ամենը սեփական ուժերով վերականգնելու և մարտունակ բանակ ձևավորելու հնարավորություն չունենք։ Այս ամենը վերականգնելու համար չեմ տեսնում այլ երկիր, քան Ռուսաստանը։ Ուրեմն պետք է ավելի խորն ինտեգրման բանաձևեր գտնել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---