Սյունիքի համայնքների ղեկավարները պահանջում են վարչապետի հրաժարականը․ Մարզը վտանգված է

Սյունիքի համայնքների ղեկավարները պահանջում են վարչապետի հրաժարականը․ Մարզը վտանգված է

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզի համայնքների ղեկավարներն ու ավագանու անդամները պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։

«Հայաստանն ու Արցախը կանգնած են արհավիրքի առաջ, երկիրն աղետի շեմին է, վտանգված է Սյունիքը։ Պատերազմի առաջին օրերից Սյունիքը միասնական կերպով արժանապատիվ կռիվ է տվել ինչպես ճակատում, այնպես էլ՝ թիկունքում։ Այսօր ևս բոլոր համայնքները լուծում են լրջագույն խնդիրներ, որոնց մասին խոսելու առիթներ դեռ կլինեն։

Սյունիքի համար ճակատագրական այս օրերին բազմաթիվ հարցեր շարունակում են մնալ անպատասխան և չլուծված։ Սահմանի հետ կապված մի շարք հարցեր վիճելի են, Սյունիքի փրկության համար վճռորոշ այս փուլում, երբ պետք է ճակատագրական որոշումներ կայացվեն, համայնքներն են շարունակում մնալ անվտանգությունը երաշխավորող հիմնական դերակատարները։

Մենք կորցրել ենք Արցախի զգալի մասը, ունենք հազարավոր զոհեր, անհետ կորածներ, տնտեսական ու հումանիտար բազում խնդիրներ, որոնց լուծման բեռը շարունակում է մնալ համայնքների ուսերին և իրականացվում է պատվով։ Այս ամենի համատեքստում, նույնիսկ ամենափոքր թվացող հարցերը չեն լուծվում պետական մակարդակում, քանի որ կառավարման ամբողջ համակարգն այս օրերին անգործության է մատնված։ Թշնամին հասել է Սյունիքի դարպասներին։ Այս պահին մեր գերխնդիրը Սյունիքի պաշտպանությունն է, բնակչության անվտանգության ապահովումը»,- ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ յուրաքանչյուր րոպեն թանկ է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։

«Ստեղծված իրավիճակում ամեն օր էլ ավելի ենք համոզվում, որ այս իշխանության հետ հնարավոր չէ չեզոքացնել մեզ սպառնացող աղետը, ուստի պահանջում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը։ Սա քաղաքական շահարկումների խնդիր չէ, այլ հայրենիքի փրկության, Սյունիքի բնակչության անվտանգության ապահովման հարցն է։ Մենք հասկանում ենք, որ վաղը կարող է շատ ուշ լինել, ուստի այս փուլում կարող և նվիրյալ ուժեր են պետք, որոնք պետք է գործեն հանուն Սյունիքի փրկության, երկիրն աղետալի վիճակից հանելու տրամաբանությամբ։ Այսպիսով, պետք է բոլորս ոտքի կանգնենք և ոչ ասենք այս կործանարար իրավիճակին», ասվում է հայտարարության մեջ։

Վարչապետի հրաժարականի պահանջով են հանդես եկել ՛

Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը և ավագանու անդամները

Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշայնյանը և ավագանու անդամները

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը և ավագանու անդամները

Մեղրի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը և ավագանու անդամները

Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և ավագանու անդամները

Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը և ավագանու անդամները

Տաթև համայնքի ղեկավար Մուրադ Սիմոնյանը ու ավագանու անդամները

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---