7 դեկտեմբերի 2020 - 10:47 AMT
ՀՀ նախագահ․ Գործադիրը պետք է հստակ հաշվետվություն տա «Հայաստան» հիմնադրամի միջոցների ծախսերի մասով

ՀՀ նախագահ, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի հիմնադրամին փոխանցված միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ, ընդ որում, դա պետք է կատարվի առավելագույնս հրապարակային:

Արմեն Սարգսյանը պաշտոնական նամակով դիմել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին՝ նշելով, որ անընդունելի է համարում առկա տարաբնույթ ճգնաժամերին ավելացնել նաև վստահության ճգնաժամը «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ:

Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ 52,703,113,395 դրամ, ՀՀ կառավարության խնդրանքով, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, նվիրատվության ձևով փոխանցվել է ՀՀ կառավարության առանձնացված գանձապետական հաշվեհամարին՝ ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով:

Նախագահ Սարգսյանն ի սկզբանե այն կարծիքին է եղել և այսօր էլ այդ կարծիքին է, որ կառավարությանը փոխանցված գումարը պետք է ձևակերպվեր որպես պարտք՝ փոխառության ձևով: Սակայն ստեղծված բարդ իրավիճակում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մեծամասնությունն այլ որոշում է ընդունել:

Հաշվի առնելով հարցի շուրջ աճող հանրային հետաքրքրությունը՝ նախագահ Սարգսյանը պարզաբանումներ ներկայացնելու առաջարկությամբ նոյեմբերի 26-ին նամակով դիմել է հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանին` ընդգծելով, որ ստեղծված իրավիճակը պահանջում է ձեռնարկել հրատապ քայլեր, քանի դեռ վերջնականապես չի կորսվել վստահությունը կառավարության և հիմնադրամի հանդեպ:

Ըստ նախագահի` պետք է շտապ միջազգային աուդիտ անցկացվի, հանրությանը և հատկապես Սփյուռքի հայրենակիցներին սպառիչ տեղեկատվություն տրամադրվի հանգանակված միջոցների և դրանց նպատակային կառավարման վերաբերյալ:

«Միջազգային աուդիտի բացասական եզրակացության դեպքում կամ եթե աուդիտի արդյունքները չեն բավարարում հոգաբարձուներին կամ նվիրատուներին, կառավարությանը նվիրատվության ձևով փոխանցված 52,703,113,395 դրամ գումարը պետք է վերաձևակերպել որպես պարտք՝ փոխառության ձևով, հետագայում այն «Հայաստան» համահայկական հիմնադրամին ամբողջովին վերադարձնելու պայմանով:

Կառավարությանը փոխանցված միջոցների վերադարձը «Հայաստան» համահայկական հիմնադրամին կարող է փոխել իրավիճակը և հիմնադրամի հանդեպ վստահության վերականգնման երաշխիք դառնալ: Դա հնարավորություն կստեղծի, որ հոգաբարձուների խորհուրդն ինքը, հաշվի առնելով նաև հոգաբարձուների և նվիրատուների կարծիքն ու առաջարկությունները, որոշի ծախսերի ուղղություններն՝ անհրաժեշտության դեպքում համագործակցելով Արցախի ղեկավարության և ՀՀ կառավարության հետ»,-նշել է նախագահ Սարգսյանը՝ ակնկալելով նաև հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների կարծիքը խնդրի վերաբերյալ:

Նա նշել է նաև, որ հիմնադրամը պետք է լինի բացարձակապես ապաքաղաքական կառույց՝ զերծ անգամ ամենաչնչին կասկածներից:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։