Ֆինանսական ճգնաժամը կօգնի մաքրել կապիտալի շուկան

PanARMENIAN.Net - Հայաստանում կապիտալի շուկայի զարգացումը եւ հասարակական գործարքների մեխանիզմի կիրառումը կդառնա փետրվարի 27-ին Երեւանում մեկնարկող «Կապիտալի շուկան Հայաստանում» թեմայով կոնգրեսի քննարկումների հիմնական թեման: Նման կոնգրեսի անցկացման անհրաժեշտություն ներկայացնելով` «Գրանտ Տորնտոն Ամիո» աուդիտորա-քոնսալթինգային ընկերության բաժնետեր Գուրգեն Հակոբյանը նշել է, որ վերջին տարիներին Հայաստանը զարգացման տեմպերով առաջ է մղվել, ինչի կապակցությամբ որոշակի նախապայմաններ են առաջացել ֆինանսական շուկայի զարգացման համար: Այդպիսի նախապայմաններից մեկը NASDAQ OMX -ի ներկայությունն է Հայաստանում, ինչպես նաեւ կառավարության գործողությունները` ուղղված կապիտալի շուկայի ինֆրակառույցների բարեփոխմանը: Բացի այդ, զգալի հետաքրքրություն է առաջացել հանրության եւ խոշոր ընկերությունների կողմից, որոնք վերջերս զարգանում են արագ տեմպերով եւ արդեն պատրաստ են նոր գործիքներ կիրառել գումարային միջոցների ներգրավման համար, պարզաբանել է Գուրգեն Հակոբյանը:



«Հայաստան NASDAQ OMX» Ֆոնդային բորսայի տնօրեն Արմեն Մելիքյանը կարծիք է հայտնել, որ ցանկացած շուկայի զարգացման մակարդակը կախված է նրա մասնակիցների կրթության մակարդակից:

«Կոնֆերենցիայի հիմնական նպատակն է` մեր բիզնեսի ներկայացուցիչներին ուսուցանել գործածելու նոր գործիքները ներդրումների գրավման համար»,- ասել է նա` ավելացնելով, որ դա կօգնի նրանց զարգանալ համաշխարհային ճգնաժամի ավարտից հետո: Նրա խոսքով, ֆինանսական ճգնաժամն ունի նաեւ իր դրական կողմերը: «Այն կօգնի մաքրել կապիտալի շուկան, որը կլքեն ընկերությունների մի մասը, իսկ նրանք, ովքեր կմնան, նոր հնարավորություններ կստանան ներդրումների գրավման համար: Խոսքը, իհարկե, արդեն գնալու է ոչ մեծ ծավալների մասին»,- ասել է նա: Ամփոփելով վերը ասածը` Մելիքյանն ասել է, որ առաջիկա կոնֆերենցիայի արդիականությունը յուրահատուկ նշանակություն է ստանում ճգնաժամի պայմաններում, քանի որ անհրաժեշտ է օգտագործել նման պահը պոտենցիալ ներդնողների տեղեկացման եւ նախապատրաստման համար:



Նշենք, որ ֆորումի կազմակերպիչը Grant Thornton Amyot (GTA) աուդիտորա-քոնսալթինգային ընկերությունն է` Հայաստանի Կենտրոնական բանկի , Տնտեսության նախարարության, Հայաստանի Բանկերի միության, «Հայաստան NASDAQ OMX» Ֆոնդային բորսայի, Հայաստանում Ամերիկայի Առեւրի պալատի (AmCham), «Ֆինանսական սեկտորի զարգացում» USAID ծրագրի աջակցությամբ: Աուդիտորա-քոնսալթինգային ընկերության բաժնետեր Գուրգեն Հակոբյանն իր կողմից հայտնել է «Գրանտ Տորնտոն Ամիո»-ի պատրաստակամությունը Կապիտալի շուկայի մասին տեղեկատվության ստացման առնչությամբ ցանկացած ընկերությանը աջակցություն ցուցաբերելու գործում:
 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---