8 դեկտեմբերի 2020 - 14:02 AMT
Ռուս բժիշկներն Արցախում արդեն մոտ 300 բնակչի են օգնել

ՌԴ-ից Արցախ ժամանած ռազմաբժիշկներն արդեն ավելի քան 300 բնակչի են հետազոտել 8 բնակավայրում։ Այդ մասին տեղեկացրել է ՌԴ Խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի Բուժապահովման կենտրոնի պետ, փոխգնդապետ Եգոր Դեմիդովիչը։

«Մենք արդեն 8 բնակավայր ենք այցելել, ավելի քան 300 մարդ է հետազոտվել։ Այս պահին աշխատում ենք Ասկերանի շրջանում։ Մենք, Ազգային ժողովի առողջապահության հանձնաժողովի հետ միասին, որոշել ենք ըստ շրջանների աշխատել, որպեսզի մեր այցերը չլինեն հատվածային»,- ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա՝ Ասկերանի շրջանից հետո, հավանաբար, ՌԴ ռազմաբժիշկները կշարունակեն օգնություն ցուցաբերել Մարտունու շրջանի բնակիչներին։

Դեմիդովը հայտարարել է, որ արտագնա բուժխմբերը ձևավորվում են բազմաֆունկցիոնալ սկզբունքով, ներառելով այդ թվում թերապևտների, վիրաբույժների, ինչպես նաև այլ մասնագետների։

«Տանում ենք նաև մեր սարքավորումները։ Հեռավոր շրջաններում բուժքույրից բացի, որպես կանոն, այլ մասնագետ չկա»,- ասել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Photo. Ria Novosti