8 դեկտեմբերի 2020 - 15:39 AMT
Դեկտեմբերի 7-ին ավելի քան 770 փախստական է վերադարձել Արցախ

Դեկտեմբերի 7-ին ավելի քան 770 փախստական է վերադարձել Ստեփանակերտ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ, հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ Արցախ է վերադարձել ավելի քան 34,500 փախստական։

«Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները, որոնք վերադառնում են Լեռնային Ղարաբաղ Հայաստանի տարածքից։ Մեկ օրում Ստեփանակերտ է ժամանել 778 մարդ։ Ավտոբուսների երթևեկն իրականացվել է ռուս խաղաղապահների և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ռուս խաղաղապահները շուրջօրյա մշտադիտարկում են իրականացնում, հումանիտար օգնություն և կրակի դադարեցման ռեժիմի պահպանում 23 դիտակետում։

Դեկտեմբերի 6-ին Արցախ էր վերադարձել 759 փախստական։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։