8 դեկտեմբերի 2020 - 17:06 AMT
Սպիտակի ղեկավարն ու ավագանին միացել են Փաշինյանի հրաժարականի պահանջին

Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավար Գագիկ Սահակյանը և ավագանու անդամները միացել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին:

«Վերլուծելով մեր երկրում առկա ներկայիս վիճակը, աղետալի վտանգները, այն է՝ անհեռատես քաղաքականություն, տապալված դիվանագիտություն, պարտված պատերազմ, կապիտուլացիոն հայտարարություն կոչված անորոշ փաստաթուղթ, մեր զավակների արյան գնով պաշտպանած հայրենիքի կորսված մաս, վտանգված, անորոշ ու անհուսալի հայրենիքի սահմաններ, հարյուրավոր գերիներ ու անհետ կորածներ, բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, հայրենիքի ավերված բնակավայրեր ու հազարավոր փախստականներ, արժեքների փոխակերպում և ապազգային արժեքային համակարգ, ապագայի նկատմամբ հավատի կորուստ, այս ամենի հետ՝ մեղավորների և դավաճանների նկատմամբ խիստ հակասական մեկնաբանություններ (և սա դեռ ամբողջը չէ), միանում ենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։

Նաև կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին միանալ հրաժարականի պահանջին և հայրենիքի առջև ծառացած լրջագույն ու չափազանց բարդ խնդիրները լուծելու նպատակով ազգային համաձայնության կառավարություն ձևավորելու նախաձեռնությանը: Կառավարություն, որը կազմված կլինի հայրենիքի ճակատագրով մտահոգված գործիչներից, պրոֆեսիոնալ մասնագետներից, կհամախմբի հասարակությունը, որն ի զորու կլինի հնարավոր սեղմ ժամկետներում կազմակերպել ու անցկացնել ազատ, արդար ընտրություններ և կգործի հանուն Հայաստանի և Արցախի ժողովրդի»,- ասվում է հայտարարության մեջ:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ընդդիմությունը սկսել է անհնազանդության ակցիաները։ Նրանք արդեն Երևանի որոշ հատվածներում փողոցներ են փակել։Ոստիկանները ցուցարարներին բռնի բերման են ենթարկում։ Փակված փողոցների թվում են Աբովյանի որոշ հատվածներ, Մյասնիկյանի, Մոսկովյանի, Սախարովի հրապարակը, Բաղրամյան պողոտայի մի մասը, Ավետիսյան փողոցը։ Ցուցարարները շարժվում են նաև դեպի Հանրապետության հրապարակ՝ վանկարկելով «Նիկոլ՝ դավաճան»։

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, նշելով, որ ընդդիմության կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանին առաջադրված վերջանժամկետը սպառվել է ժամը 12:00-ին և հրաժարական չի ներկայացվել, հայտարարել է, որ այս պահից սկսած՝ մինչև 17:00-ն Հայաստանի քաղաքացիներն ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ անհնազանդության բողոքի ակցիաներն անելու, իրենց բողոքը, պահանջը տեղ հասցնելու համար: