8 դեկտեմբերի 2020 - 17:38 AMT
Ոստիկանություն․ Անհնազանդության ակցիայի 81 մասնակից է բերման ենթարկվել

Երևանում ժամը 16։00-ի դրությամբ անհնազանդության ակցիայի 81 մասնակից է բերման ենթարկվել ոստիկանության բաժանմունքներ։

PanARMENIAN.Net-ին ոստիկանությունից հայտնեցին, որ քաղաքացիները բերման են ենթարկվել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով)։

Նոյեմբերի 10-ի պատերազմի դադարեցման համաձայնությունից հետո ՀՀ-ում բողոքի ակցիաներ են՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Ընդդիմադիր 17 կուսակցություն արդեն առաջադրել է վարչապետի իր թեկնածուին՝ նախկին վարչապետ ու պաշտպանության նախկին նախարար Վազգեն Մանուկյանին։ Ընդդիմադիրները Փաշինյանին մինչև դեկտեմբերի 8-ը ժամը 12-ը ժամանակ էին տվել հրաժարականի համար, ապա անհնազանդության ակցիաներ սկսել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։