8 դեկտեմբերի 2020 - 18:52 AMT
Պատգամավոր․ Արավուսում 51 հա-ից ավելի հող է մնացել Ադրբեջանին

Սյունիքի մարզի Արավուս համայնքից 51 հեկտարից ավելի սեփական և պահուստային հող մնացել է Ադրբեջանին, հայտարարել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։

Պատգամավորը հիշեցրել է, թե փոխմարզպետը հերքում է այդ լուրերը, իսկ բնակավայրի վարչական ղեկավարը՝ հաստատում։

«Կուզեի, որ որևէ մեկն այսօր խոսեր սահմանների գծանշման կարգի մասին։ Մի մոռացեք, որ մենք ունենք օրենք, որով հստակ սահմանվում է՝ պետական սահմանը որոշվում է ՀՀ օրենքով և միջազգային պայմանագրերով»,- ասել է նա։

Ավելի վաղ սոցցանցում տեղեկություն էր տարածվել, թե Արավուսի գյուղապետ Արգամ Հովսեփյանն իր ջոկատով գնացել է ադրբեջանցիների հետ բանակցելու, որ առաջ չգան։ Լրագրողներն ահազանգել էին, թե համայնքապատկան հողերն ադրբեջանցիները քարտեզագրելիս փորձում են մտցնել իրենց անցած տարածքների մեջ։ Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանը դեկտեմբերի 7-ին հերքել էր, թե Արավուս գյուղի հատվածում հայկական կողմն ադրբեջանականին տարածքներ է զիջել, համայնքապետը, սակայն, հակառակն էր պնդել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։