17 հուլիսի 2002 - 23:28 AMT
ՎԵՐՋԻՆ ԵՐԵՔ ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ 45 ՀԱԶԱՐ ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐ ԱԴՐԲԵՋԱՆԻՑ ԴԱՐՁԵԼ ԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ
2002 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում ավելի քան 4 հազար փախստականներ Ադրբեջանից ընդունել են Հայաստանի քաղաքացիություն: Այդ մասին «Դե-Ֆակտո» գործակալությանն է հայտնել Հայաստանի կառավարությանը կից Փախստականների եւ միգրացիայի հարցերի վարչության աշխատակազմի ղեկավար Վարդան Գեւորգյանը: Նրա խոսքերով, 1999 թվկանի սկզբին ՀՀ կառավարությանը կից Փախստականների եւ միգրացիայի վարչության ստեղծումից ի վեր, որը իր առաջնահերթ խնդիրը հայտարարեց փախստականների նատուրալիզացիան, 1999 թվականի օգոստոս-սեպտեմբեր ամիսների դրությամբ, հայկական քաղաքացիություն ընդունած փախստականների թիվը աճել է 7-8 հազարով: 2000 թվականին քաղաքացիություն են ստացել 15 հազար, իսկ 2001-ին` ավելի քան 16 հազար փախստականներ: Ընդհանուր առմամբ վերջին 3 տարվա ընթացքում հայկական քաղաքացիություն են ստացել մոտ 45 հազար փախստական Ադրբեջանից: Ինչպես նշել է Գեւորգյանը, քաղաքացիություն ստանալու գործընթացը ակտիվացել է վերջին տարիներին, ինչը կապված է ՀՀ խորհրդարանի կողմից համապատասխան օրենքի ընդունման հետ, որը փախստականներին սոցիալ-տնտեսական երաշխիքներ է տալիս: Տեղական քաղաքացիություն ստանալ ցանկացողների մեծամասնությունը աշխատունակ, տնտեսապես ակտիվ մարդիկ են, որոնք ձգտում են հայկական անձնագիր ստանալ աշխատանքի տեղավորվելու, առեւտրական գործարքներ կնքելու, հանրապետությունից անարգել մեկնելու եւ այլ նպատակներով: