Ավինյան․ Նոյեմբերի 10-ից հետո 846 զինծառայողի մարմին դուրս է բերվել ռազմաճակատից

Ավինյան․ Նոյեմբերի 10-ից հետո 846 զինծառայողի մարմին դուրս է բերվել ռազմաճակատից

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 10-ից հետո ռազմադաշտից դուրս է բերվել 846 զինծառայողի մարմին, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

«Որոնողական աշխատանքների, մարմինների դուրսբերման աշխատանքների մեծ մասն արդեն արվել է, նոյեմբերի 10-ից ի վեր ռազմադաշտից դուրս է բերվել 846 մարմին, այս պահի դրությամբ այդ աշխատանքները շարունակվում են։ Հիմնական խնդիրը, որն այս պահին ունենք, բայց լուծումներ են փնտրվում, ԴՆԹ հետազոտությունների արդյունքների համադրումն է, հետազոտությունների քանակների ավելացումը։ Այս պահի դրությամբ անճանաչելի մարմիններից 294-ի նույնականացում է եղել, մարմինները հանձնվել են ծնողներին։

154 մարմնի հետազոտություն արվել է, համընկնում դեռ չի եղել, 443 նմուշ էլ դեռ հետազոտման փուլում է»,- ասել է Ավինյանը։

Նա նշել է, որ առողջապահության նախարարությունն արդեն իսկ հավելյալ սարքավորումներ է գնել, քննարկվում է մասնավոր կազմակերպությունների ներգրավման հարցը՝ զինծառայողների մարմինները նույնականացնելու գործընթացն արագացնելու համար։

Ավինյանի խոսքով՝ գերիների և անհետ կորածների հարցով որոշակի զարգացումներ կան, հայկական և ադրբեջանական կողմերն իրենց գերիների ցանկերն են ներկայացրել (ադրբեջանցիները՝ նաև հայ քաղաքացիականների), վերջնական հստակեցումներից հետո փոխանակում կլինի։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---