BBC-ի անդրադարձը՝ ԼՂ-ում կռված վարձկաններին․ Սիրիացիներն օգտագործվել են «թնդանոթի մսի» տեղ

BBC-ի անդրադարձը՝ ԼՂ-ում կռված վարձկաններին․ Սիրիացիներն օգտագործվել են «թնդանոթի մսի» տեղ

PanARMENIAN.Net - BBC-ն զրուցել է Ադրբեջանից վերադարձած սիրիացի 4 վարձկանի, ինչպես նաև փորձագետների հետ՝ հասկանալու, թե Բաքվի ինչին էին պետք օտարերկրյա վարձկանների ծառայությունները։

«Դեռ օգոստոսն էր, երբ զինյալների կողմից վերահսկվող տարածքներում շշուկներ սկսեցին պտտվել, որ արտերկրում լավ վարձատրվող գործ կա»,- պատմել է զինյալներից մեկը։

Նրա ընկերն ասել է, որ շատ լավ գործ կա, միայն պետք է լինել Ադրբեջանի ռազմական անցակետերում։

Մեկ այլ զինյալ պատմել է, որ իրենց ասել են, թե պետք է սահմանային կետերում հերթապահեն որպես խաղաղապահներ, առաջարկել ամսական $2000՝ «ճակատագրի նվեր»։

Ըստ հեղինակի՝ սիրիացիները տեղակայված են եղել նաև հարավային ուղղությամբ (Ջաբրայիլ), որտեղ երկու կողմից կորուստները ծայրաստիճան շատ են եղել։ Զինյալները, որոնց հետ խոսել է լրագրողը, ընկել են ծանր կրակի տակ։

Վարձկանը պատմել է, որ իրեն մարտի են ուղարկել Ադրբեջան հասնելու հաջորդ օրը։

«Ես և ևս 30 հոգի ուղարկվեցինք ճակատ։ Քայլեցինք 50 մ և մի հրթիռ ընկավ մեր կողքին, ինձ գցեցի գետնին։ Կրակն առանց դադարի տևեց 30 րոպե։ Այդ րոպեները տարիներ էին թվում։ Ես այդ ժամանակ արդեն փոշմանել էի Ադրբեջան մեկնելու համար»,- ասել է նա։

Մեկ այլ սիրիացու խոսքով՝ չգիտեին՝ ինչպես արձագանքել, քանի որ իրենց մեծ մասը վարժանքներ չէր անցել և ռազմական փորձ էլ չուներ։

«Ես տեսել եմ մահացող տղամարդկանց, մյուսներն ինքնամոռաց վազում էին։ Նրանք չէին գիտակցում՝ ինչ է կատարվում, որովհետև բառացիորեն քաղաքացիականներ էին»,- մանրամասնել է նա։

Աղբյուրի բոլոր զրուցակիցները պատմել են, որ պաշտպանիչ շատ քիչ միջոցներ է իրենց տրվել, գրեթե բժշկական օգնություն չեն ստացել։ Իրենց ընկերներից շատերն արնահոսությունից մահացել են այն վերքերից, որոնք ռազմաբժիշկները կարող էին բուժել։

Վաշինգտոնյան CNA վերլուծական կենտրոնի ռազմական վերլուծաբան Միքայել Կոֆմանի կարծիքով՝ վարձկանների ներգրավումը հնարավոր է նպատակ ունենար ադրբեջանական զորքերի կորուստների նվազեցման հարցում, մասնավորապես՝ որոշ տեղերում վարձկանները գրոհի ժամանակ ուղարկվել են առջևից՝ ընկնելով դիմադրության առաջին ալիքի տակ։

Տասնյակ սիրիացիների հետ զրուցած իսրայելցի գիտաշխատող Էլիզաբեթ Ցուրկովը համաձայն է այն տեսակետին, թե սիրիացիներն օգտագործվել են որպես «թնդանոթի միս»։

BBC-ի զրուցակիցներից 2-ն այն մարդկանց թվում էին, որոնք ինչ-որ պահի հրաժարվել են կռվել։ Նրանք պատմել են, որ հրամանատարներն իրենց սպառնացել են Ադրբեջանում բանտարկել 9 ամսով, ապա Սիրիայում ձերբայակալել։

«Սակայն մենք արդեն 500 հոգի կայինք և սկսեցինք ազդեցություն ունենալ նրանց վրա։ Նրանք կազմեցին մեր անունների ցուցակը։ Ապա 6 օրից եկան և ասացին՝ պատրաստվեք, դուք լքում եք։ Նրանցից ոչ մեկը մի դրամ էլ չի ստացել, շատերին նաև չեն վերադարձվել իրենց անձնական իրերը»,- ասել է սիրիացին։

BBC-ին նաև պատմել են, որ վերադառնալիս զինյալ խմբերի հրամանատարները 4 մարդու են սպանել՝ Ադրբեջանում ապստամբություն բարձրացնելու համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---