Վարչապետի խոսնակ․ Ալիևի և Էրդողանի խոսքերը հակասում են եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին

Վարչապետի խոսնակ․ Ալիևի և Էրդողանի խոսքերը հակասում են եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաքվում հնչեցրած հայտարարություններին, խստորեն դատապարտել է դրանք՝ անվանելով սադրիչ:

Ալիևը Լեռնային Ղարաբաղի պատերազմում հաղթանակի զորահանդեսի ժամանակ հայտարարել է, որ Երևանը, Սյունիքը և Սևանն ադրբեջանական պատմական հողեր են։ Էրդողանն իր հերթին հայտարարել է, որ Բաքվի պայքարը «թշնամի Հայաստանի հետ» չի ավարտվել։ Նա ասել է նաև, որ զորահանդեսի օրն Էնվեր փաշայի «հոգու լուսավորվելու օրն է»։

Գևորգյանը նշել է նաև, որ այդ խոսքերը հակասում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն և դրույթներին և առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը, գրում է «Արմենպրեսը»։

«Հայաստանի հանդեպ տարածքային նկրտումների վերաբերյալ բարձրաձայնումը լրջագույն կասկածի տակ է դնում Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության հաստատման հարցում և նպատակաուղղված վտանգում է տարածաշրջանային խաղաղությունը և անվտանգությունը...

Ադրբեջանի նախագահի այն պնդումները, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով լուծել է ղարաբաղյան խնդիրը, ևս մեկ անգամ ի ցույց են դնում, թե ով է պատերազմի և ուժի կիրառման նախաձեռնողը և ով է տարածաշրջանը փորձում տանել հետագա ապակայունացման և փորձության ճանապարհով: Այս հայտարարությունները առավել քան այժմեական են դարձնում արցախահայության ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը՝ որպես արցախահայության նկատմամբ ադրբեջանական ցեղասպան նոր նկրտումները կանխելու միջոց»,-ասել է Գևորգյանը:

Նա հավելել է նաև, որ սպառնալիքի դիրքերից հայ ժողովրդի հետ խոսելը դատապարտելի է և չի կարող բերել Հարավային Կովկասում տևական կայունության:

«Խիստ դատապարտելի է նաև Հայոց ցեղասպանության ճարտարապետների՝ երիտթուրքական գաղափարախոսների փառաբանումը Թուրքիայի նախագահի կողմից։ Նման դրսևորումները կասկածի տակ են դնում Թուրքիայի հայտարարությունները՝ այդ թվում տարածաշրջանային խաղաղության և կայունության հաստատմանը նպաստելու պատրաստակամության վերաբերյալ», - ասել է վարչապետի խոսնակը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---