Ավինյան․ Զոհերի նույնականացման համար հետազոտության ևս մեկ հոսքագիծ է ձեռք բերվում

Ավինյան․ Զոհերի նույնականացման համար հետազոտության ևս մեկ հոսքագիծ է ձեռք բերվում

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարարությունը ձեռք է բերում դատագենետիկական նույնականացման հետազոտությունների ևս մեկ հոսքագիծ, ինչը հնարավորություն կտա էլ ավելի արագացնել նույնականացման գործընթացը, հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Նրա գլխավորությամբ տեղի է ունեցել Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը:

Փոխվարչապետը նշել է, որ անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունները որոշ ծավալով նաև անդրադառնալու են որոնողական աշխատանքների արդյունավետության բարձրացման, ԴՆԹ հետազոտությունների հետ կապված խնդիրներին, հոգեբանական աջակցության տրամադրման հետ կապված հարցերի վրա։

«Ներկայումս թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմերը գերիների ցուցակները փոխանցել են Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեին: Այժմ ընթանում է ցուցակների ճշտման գործընթացը»,-հայտարարել է փոխվարչապետը՝ հիշեցնելով, որ հայկական կողմն առաջարկել է գերիների փոխանակման «բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքը։

Հանձնաժողովի անդամներն անդրադարձել են նաև անհետ կորած զինծառայողների ընտանիքներին դրամական աջակցության տրամադրմանը, հոգեբանական աջակցության ծրագրերի մշակմանն ու հոգեբանական ռեաբիլիտացիոն համակարգերի ներդրմանը, բուժհաստատություններում գտնվող, սակայն անձը հաստատող փաստաթուղթ չունեցող անձանց բժշկասոցիալական փորձաքննության ենթարկելու հնարավորություններին վերաբերող հարցերին:

Ավինյանը հիշեցրել է, որ գերիների փոխանակման գործընթացում որոշակի զարգացում կա, ՌԴ միջնորդությամբ 3 քաղաքացիական գերի վերադարձել է ՀՀ։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---