Թուրքագետ․ Տարածաշրջանի վերաձևումը չի ավարտվել, բայց հայկական կողմերի գործոնը զրոյի է ձգտում

Թուրքագետ․ Տարածաշրջանի վերաձևումը չի ավարտվել, բայց հայկական կողմերի գործոնը զրոյի է ձգտում

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ադրբեջանի զորահանդեսին հնչեցրած մտքերը ցույց են տալիս, որ տարածաշրջանի վերաձևումը չի ավարտվել, նոր փուլ է մտել, որտեղ փաստացի հայկական երկրորդ հանրապետությունը և Հայաստանի սուվերենությունը չկան կամ զրոյի են ձգտում, PanARMENIAN.Net ին ասաց թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

Էրդողանը դեկտեմբերի 10-ին հայտարարել էր, թե Բաքվի պայքարը «թշնամի Հայաստանի հետ չի ավարտվել Լեռնային Ղարաբաղում վճռական հաղթանակից հետո»։ Նա նշել էր, թե ռազմական ու քաղաքական դաշտերի պայքարը պետք է շարունակվի։ Գեղամյանը մեկնաբանել է Թուրքիայի վարչապետի այս ու մյուս հակահայ մտքերն ու տարածաշրջանային հավակնությունների մասին հայտարարությունները։

Ըստ Գեղամյանի՝ դեկտեմբերի 10-ին Ադրբեջանի զորահանդեսին հնչած մտքերն արտահայտում են այն տեսլականը, որ ունեն Ադրբեջանն ու Թուրքիան՝ տարածաշրջանի մասով։ Թյուրքագետի խոսքով՝ ի դեմս այդ երկու երկրի ՀՀ-ն գործ ունի իր սուվերեն տարածքի հանդեպ հավակնություններ ունեցող ուժերի հետ։

«Ինչ վերաբերում է մամուլի ասուլիսին հնչած մտքերին, ապա հիմնական մտքերից մեկն այն էր, որ եթե ՀՀ-ն հրաժարվի այն պատկերացումներից, որ ունի, ապա իրենք մեզ պատրաստ են ընդգրկել տարածաշրջանային որոշ նախագծերի մեջ։ «ՀՀ-ն հրաժարվի իր պատկերացումներից» խոսքով նկատի ունի հայկական քաղաքական մտքի այն դրույթը, որ Հայաստանն այս տարածաշրջանում պետք է ուժեղ ու ինքնուրույն միավոր լինի, ինքն ապահովի իր անվտանգությունն ու դրանով նաև տարածաշրջանային կայունությունը։ Ընդ որում, չի մանրամասնվում, թե տարածաշրջանային որ նախագծերը նկատի ունի, բայց հիմնականներն արդեն վաղուց իրականացված են։ Երկրորդ միտքն այն էր, որ իրենք պատրաստ են բացել ՀՀ-ի հետ սահմանները, եթե մենք հրաժարվենք դրանցից ու «մեզ ճիշտ պահենք», իր խոսքով ասած՝ «խելքներս գլուխներս հավաքենք»,- ասաց Գեղամյանը։

Ըստ նրա՝ այս հայտարարություններն իրենց բնույթով փաստացի սպառնալիք են և պատերազմի շարունակություն` այն իմաստով, որ փորձ է արվում Հայաստանին ստիպել հրաժարվել տարածաշրջանում որևէ հավակնությունից ու վերջնականորեն հրաժարվել Արցախից։

Անդրադառնալով, իր խոսքով, Հայաստանի սուվերենությանը վտանգող գործոններին՝ Գեղամյանը նշեց, որ Թուրքիան ու Ադրբեջանն արդեն բանակցություններ են վարում երրորդ երկրի հետ՝ Սյունիքի միջանցքի մասով։ Ըստ նրա՝ թուրքերն ու ադրբեջանցիները պլանավորում են այդ միջանցքով գազատար, երկաթուղի ու ավտոճանապարհ ունենալ, մինչդեռ հայկական կողմը հստակություն չի մտցնում այդ ճանապարհի մասով՝ «լղոզելով թեման»։

«Սա ենթադրում է լիարժեք այլ դիրքորոշում Սյունիքի հանդեպ թե՛ Թուրքիայի, թե՛ Ադրբեջանի համար։ Դա դառնում է կրիտիկական ենթակառուցվածք Սյունիքում, որի անվտանգությունն ապահովելու համար այդ երկրները չեն սպասելու հայկական կողմին։ Սա մեզ ու այլ տարածաշրջանային դերակատարների պետք է անհանգստացնի։ Ցավոք, կարող ենք ասել, որ հայկական կողմ այս պահին չկա՝ բացառությամբ մի քանի պետական գործչի»,- եզրափակեց Գեղամյանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---