12 դեկտեմբերի 2020 - 10:53 AMT
Արցախցի 451 աշակերտ դպրոցական պայուսակ և անհրաժեշտ պարագաներ կստանա

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամն արցախցի աշակերտների կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով Սյունիքում ու Վայոց ձորում ժամանակավոր բնակություն հաստատած 451 երեխայի համար ձեռք է բերել դպրոցական պայուսակներ և անհրաժեշտ պարագաներ:

1-4-րդ դասարանների համար նախատեսված դպրոցական պայուսակներում առկա են ուսանելու համար անհրաժեշտ բոլոր դպրոցական պարագաները՝ առարկաների աշխատանքային ու թեմատիկ տետրեր, բառատետրեր, գրչատուփեր, նկարչական ալբոմներ, գունավոր թղթեր, գրիչներ, մատիտներ, ռետիններ, մկրատներ և այլն:

Դպրոցականների քանակը և կարիքը հիմնադրամին տրամադրել են մարզպետարանները: Դպրոցական պայուսակների բաշխումն արվելու է հասցեական՝ «Իմ քայլը» հիմնադրամի և մարզպետարանների աշխատակիցների կողմից:

Պահանջը մշակվել է հեռավար ուսուցման ընթացքում, երբ դպրոց էին հաճախում միայն տարրական դասարանների աշակերտները:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։