17 հուլիսի 2002 - 22:55 AMT
ԵԱՀԿ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏՈՒՄ ԲԱՔՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱԿԱՀԱՐՎԱԾ Է ՍՏԱՑԵԼ
Վերջերս Բեռլինում կայացած ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի 11-րդ նիստը ի թիվս այլ հարցերի քննարկել է նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանային հիմնահարցերը, մասնավորապես, հարաբերությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ վրացա-աբխազական հակամարտությունը: Ինչպես հաղորդել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանը, որը գլխավորում էր հայկական պատվիրակությունը նիստի ընթացքում, ադրբեջանական կողմը ինչպես միշտ բարձրացրել է «գրավյալ տարածքների եւ փախստականների» մասին հարցը: Այս անգամ, նշել է փոխխոսնակը, ադրբեջանցի զեկուցողը իր ելույթը սկսել է` բնութագրելով Հայաստանը որպես ահաբեկչական երկիր: Իր հերթին Գ Ասլանյանը ԵԽԽՎ նիստի ամբիոնից հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարի կարեւոր գրավականներից է հասարակությանը հավաստի տեղեկատվություն տրամադրելը: «Չափազանց վտանգավոր է, երբ դիտավորյալ տարածվում են աղավաղված տեղեկություններ»,-ասել է փոխխոսնակը` մատնանշելով Բաքվի հերթական ապատեղեկատվությունը հայկական ահաբեկչության վերաբերյալ: Ընդ որում, Գ.Ասլանյանը հավաքվածների ուշադրությունն է հրավիրել անհերքելի փաստերի առկայության վրա, որոնց համաձայն «թիվ մեկ» ահաբեկիչ Ուսամա Բեն Լադենը իր ներկայացուցիչներն ուներ Բաքվում, չեչեն ահաբեկիչները օգնություն էին ստանում Ադրբեջանից, իսկ «Ալ Քաիդայի» ստորաբաժանումները մասնակցել են ղարաբաղյան պատերազմին ադրբեջանցիների կողմից: