12 դեկտեմբերի 2020 - 12:19 AMT
Արայիկ Հարությունյանի ու Ռուսլան Իսրայելյանի զրույցն իրական է․ Իսրայելյանը հաստատել է

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի ու ԱՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուսլան Իսրայելյանի հեռախոսազրույցն իրական է, Իսրայելյանը հաստատել է, որ ինքն է զրուցել Արցախի նախագահի հետ, սակայն չգիտի, թե ով է տարածել զրույցի ձայնագրությունը, փոխանցում է «Փաստինֆոն»:

Դեկտեմբերի 11-ին Telegram ալիքներում շրջանառվում էր նրանց զրույցի ձայնագրությունը, որի ընթացքում Արցախի նախագահը նշել էր, որ 10 օր է, ինչ օգնություն է խնդրել Հայաստանից, բայց այն չի տրամադրվել:

Ռուսլան Իսրայելյանը հայտնել է, որ հեռախոսազրույցը եղել է նոյեմբերի 6-ին կամ 7-ին, իսկ հարցին, թե որևէ միտում տեսնում է այն հրապարակելու մեջ, նշել է՝ հնարավոր է:

PanARMENIAN.Net-ը փորձեց նույն հարցով մեկնաբանություն ստանալ վարչապետի խոսնակ Մանե Գևորգյանից, վերջինս, սակայն, նշեց՝ պետք է դիմել Արցախի նախագահի խոսնակին, ինքը չի մեկնաբանում ՀՀ-ի՝ Արցախին 10 օր օգնություն չուղարկելու մասին լուրը։

Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գևորգ Ալթունյանն էլ նշեց, որ պետք է գրավոր հարցում ուղարկել՝ ճշտելու համար՝ արդյոք իրականությանը համապատասխանում է այն, որ Արցախը 10 օր ՀՀ-ից օգնություն է խնդրել, սակայն այն չի ստացել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։