27 փետրվարի 2009 - 13:42 AMT
Մադրիդի «Ռեալի» սաները պաշտոնապես դարձան «Միկա» ֆուտբոլային ակումբի անդամները
Իսպանացի ֆուտբոլիստներ, հայտնի Մադրիդի «Ռեալի» դպրոցի շրջանավարտներ, կիսապաշտպաններ Ուլիսես Մոնտենեգրո Կանոն եւ Պեդրո Հեսուս Լոպես Պերես դը Տուդելան, երկու ամիս փորձաշրջան անցնելով «Միկա» ակումբում, պայմանագիր են կնքել ակումբի հետ: Այդպիսով, առաջին անգամ Հայաստանի առաջնությանը լեգեոներներ կմասնակցեն Իսպանիայից: Այդ մասին հաղորդում Աշտարակի ակումբի մամլո ծառայությունը:

Ուլիսես Մոնտենեգրո Կանոն ծնվել է 1983թ. մայիսի 5-ին Հիրոն նահանգի Օլոտ քաղաքում: Իր ֆուտբոլային գործունեության ընթացքում Կանոն հանդես է եկել Մադրիդի «Ռեալի« երրորդ կազմում, խաղացել է իսպանական «Լինարես», «Սամորա», «Սանգոներա», «Նոհա», «Ալմանս» եւ շվեյցարական «Գրասսհոպերս» թիմերում:

Պեդրո Հեսուս Լոպես Պերես դը Տուդելան ծնվել է 1983թ. օգոստոսի 25-ին Մուրսիա նահանգի Կարտահենա քաղաքում: Իր ֆուտբոլային գործունեության ընթացքում հանդես է եկել «Մադրիդի «Ռեալի» երրորդ կազմում, իսպանական «Կարտահենա» եւ իտալական «Արեցցո» ու «Ջենոու» ակումբներում: