Գեղարքունիքում հանրահավաքին մասնակցած հոգևոր հովվին արգելել են մտնել եկեղեցի, հայհոյել ու հրմշտել են

Գեղարքունիքում հանրահավաքին մասնակցած հոգևոր հովվին արգելել են մտնել եկեղեցի, հայհոյել ու հրմշտել են

PanARMENIAN.Net - Դեկտեմբեր 11-ին Գեղարքունիքի Մարտունի քաղաքի մի խումբ բնակիչներ արգելել են հոգևոր հովիվ Տեր Սիմոն քահանա Տեր-Մկրտչյանին մտնել եկեղեցի՝ փակելով եկեղեցու դուռը, հայհոյելով և հրմշտելով քահանային։

Ինչպես հայտնում է Գեղարքունյաց թեմը՝ նշվող պատճառները եղել են քահանայի մասնակցությունը Երևանում ընդդիմության դեկտեմբեր 5-ի հանրահավաքին, քարոզներում նրա կողմից «քաղաքական հայտարարություններ» հնչեցնելը և այլ դժգոհություններ։

«Միջադեպից անմիջապես հետո առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Պարթև վարդապետ Բարսեղյանն այցելել է Մարտունի համայնք՝ Սբ Աստվածածին եկեղեցի, հանդիպել քահանայից դժգոհող անձանց հետ՝ հորդորելով զերծ մնալ անհանդուրժողականությունից և հայհոյանքներից և առաջնորդվել քրիստոնեական սիրով և գիտակցությամբ, որպեսզի խաղաղ մթնոլորտի մեջ լուծում տրվի առաջացած խնդրին։ Հայր Սուրբը անընդունելի է համարել տեղի ունեցած միջադեպը՝ եկեղեցու դուռը փակելը և քահանայի հասցեին վիրավորանքներ ու հայհոյանքներ հնչեցնելը»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ի շարունակություն այդ հանդիպման՝ առաջնորդական տեղապահը կիրակի՝ դեկտեմբերի 13-ին, պատարագ է մատուցել եկեղեցում, ապա կրկին հանդիպել քահանայից դժգոհ անձանց՝ նշելով, որ խնդիրը պետք է լուծել եկեղեցական կարգուկանոնի համաձայն։

Ըստ այդմ, եթե որևէ համայնքում եկեղեցականի հանդեպ առկա է դժգոհություն, ապա համայնքի բնակիչները պետք է գրավոր, փաստարկված բողոք ուղղեն թեմակալ առաջնորդին, որն էլ հարցը ներկայացնում է Հայ եկեղեցու կարգապահական հանձնախումբ։ Մեղադրանքի հաստատումից հետո է միայն քահանան ենթարկվում կարգապահական տույժի։

«Մեր եկեղեցին առաջնորդվում է իր կարգուկանոնով և ոչ թե փողոցային դատաստաններով և այլ մոտեցումներով։ Նկատի ունենալով հայաստանյան ներքաղաքական և հետպատերազմական լարված իրավիճակը՝ ուզում ենք հավատալ, որ վերոհիշյալ միջադեպը կազմակերպված և ուղղորդված չէ հակաեկեղեցական կամ այլ ուժերի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ՝ նշելով, որ անհրաժեշտ է միաբան լինել և փոխադարձ հարգանք ունենալ, հանդուրժել այլակարծությունը։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---