27 փետրվարի 2009 - 15:54 AMT
Վրաստանի համար «Արեւելյան գործընկերության» շրջանակներում առաջնությունները անվտանգության հարցերն են
Վրաստանի համար «Արեւելյան գործընկերության» շրջանակներում առաջնությունները անվտանգության, ինչպես նաեւ էներգակիրների, փոխադրման եւ տրանսպորտի հարցերն են լինելու: Այդ մասին Կիեւում ասել է Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն: Նա ընդգծել է, որ «Արեւելյան գործընկերությունը»` որպես ծրագիր դեռեւս մշակման փուլում է գտնվում:

«Հիմա, գործնականորեն, չկա մի մարդ, որը քիչ թե շատ որոշակիորեն ձեզ կասի, թե ինչպիսին կլինի այդ ծրագիրը: Հասկանալի է, որ դա Եվրոպական Միության հետ տարածաշրջանային համագործակցության ծրագիր է, իսկ թե ինչով այն կհագեցվի, կախված կլինի թե' Եվրոպական Միությունից, եւ թե' մասնակից երկրներից»,- նշել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը:

Նրա խոսքով, ԳՈՒԱՄ-ի շրջանակներում ծրագրին ընդհանուր մոտեցում մշակելու պայմանավորվածություն կա: «Մարտ-ապրիլին մենք պատրաստվում ենք լրջորեն քննարկել դա եւ փոխադարձ պայմանավորվածությունների գալ, ինչն, ի դեպ, չի բացառում նաեւ երկկողմ պայմանավորվածությունները»,- ասել է Վաշաձեն, հաղորդում է Trend Capital-ը: