Մայր աթոռի «Աջակցենք Արցախին» ծրագիրը սկսվել է

Մայր աթոռի «Աջակցենք Արցախին» ծրագիրը սկսվել է

PanARMENIAN.Net - Աﬔնայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ հաստատվել է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի «Աջակցենք Արցախին» ծրագիրը, որի նպատակն է բացառապես հումանիտար ծրագրերով հոգատարություն ցուցաբերել Արցախում ծանր կացության մեջ հայտնված ժողովրդին և պատերազմի հետևանքով արցախյան գյուղերից տարհանված և Հայաստանում ապաստանած ընտանիքներին։

Մայր աթոռի Սոցիալական ծառայությունների գրասենյակի միջոցով իրականացվող ծրագրի աշխատանքները համակարգելու է ստեղծված հանձնախումբը՝ Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ արքեպիսկոպոս Խաժակ Պարսամյանի ատենապետությամբ։ Հանձնախմբի կազմում ընդգրկված են եկեղեցականներ և աշխարհականներ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնից և բոլոր մայրցամաքներից։

Այս առիթով օրերս Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը տեսակապի միջոցով հանդիպում է ունեցել հանձնախմբի հետ։ Նա անդրադարձել է Հայաստանի ու Արցախի առջև ամենատարբեր ոլորտներում ծառացած լուրջ մարտահրավերներին՝ ընդգծելով, որ առկա պայմաններում եկեղեցին պետք է անի ամեն անհրաժեշտը՝ առավելագույնս աջակցություն մատուցելու հայրենիքին ու ժողովրդին։ Այս առումով կաթողիկոսը կարևորել է հանձնաժողովի առաքելությունը՝ հույս հայտնելով, որ նախատեսված գործունեությունը կստանա համազգային և համասփյուռքյան ընդգրկում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են առաջիկայում ձեռնարկվելիք քայլերը, եկեղեցու թեմերի և ազգային հաստատությունների համագործակցությանն առնչվող հարցեր։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---