Բեգլարյան. Հին և Մեծ Շեն գյուղերի բնակիչներին վտանգ է սպառնում ադրբեջանցիների գրաված դիրքերից

Բեգլարյան. Հին և Մեծ Շեն գյուղերի բնակիչներին վտանգ է սպառնում ադրբեջանցիների գրաված դիրքերից

PanARMENIAN.Net - Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանն այցելել է Շուշիի շրջանի Մեծ Շեն ու Հին Շեն գյուղեր, որոնց ուղղությամբ ադրբեջանցիները երկու օր է՝ սադրանքներ են անում։

«Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ակնհայտորեն ոչ միայն խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, այլ նաև կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին Շեն գյուղի բնակչության, ներառյալ՝ մի խումբ երեխաների ու կանանց ֆիզիկական անվտանգության համար»,- գրել է նա ֆեյսբուքյան իր էջում։ Նրա խոսքով` մինչև հիմա այդ վտանգները շարունակում են գործել՝ պայմանավորված ադրբեջանցի զինծառայողների զբաղեցրած դիրքերով ու ցուցաբերած վարքով:

ՄԻՊ-ը ողջունել է Պաշտպանության բանակի և ՌԴ խաղաղապահ զորակազմի որոշ ստորաբաժանումների կողմից տեղում իրավիճակը վերահսկելը, ինչի շնորհիվ որևէ միջադեպ չի արձանագրվել: «Սակայն ավելի լուրջ ջանքեր են անհրաժեշտ խնդիրը կարգավորելու և ադրբեջանական զինծառայողներին Արցախի այդ բնակավայրերից դուրս մղելու համար»,- նշել է նա:

Բեգլարյանն իրավիճակը ներկայացրել է պետության ղեկավարությանը և ստացել հավաստիացում, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները ռուսական կողմի հետ համատեղ աշխատում են խնդիրն արագ կարգավորելու ուղղությամբ: «Արցախի յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի անվերապահ կերպով»,- ամփոփել է նա։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հին Շենը շրջափակման մեջ է։

Դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի գրոհով բռնկված մի քանի ժամ տևած մարտերի հետևանքով հակառակորդին հաջողվել է մտնել Հին Թաղեր գյուղ, ինչպես նաև ընդհուպ մոտենալ Խծաբերդ գյուղին։ ՀՀ ՊՆ-ն հայտարարել էր, որ Հադրութի շրջանում ընթանում են բանակցություններ հայ, ռուս և ադրբեջանցի զինվորականների միջև՝ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու, կողմերը նախկին բնագծեր վերադարձնելու շուրջ։ Դեկտեմբերի 13-ին ՀՀ արտգործնախարարությունը հայտարարել էր, որ ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---