27 փետրվարի 2009 - 17:23 AMT
Հետաքննությունը դիտարկում է Հայաստանի Ոստիկանության պետի տեղակալի սպանության չորս վարկած
Հայաստանի Ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը սեփական հսկողության տակ է վերցրել Ոստիկանության պետի տեղակալ, գնդապետ Գեւորգ Մհերյանի սպանության բացահայտումը: Ինչպես Երեւանում կայացած մամլո ասուլիսին հաղորդել է Ալիկ Սարգսյանը, ողջ իրավապահպան համակարգին հարված հասցրած այդ սպանության բացահայտումը Ոստիկանության համար պատվի խնդիր է: Նրա խոսքով, ներկա պահին Ազգային անվտանգության հետ համագործակցող հետաքննությունը գործի բացահայտման ընթացքում դիտարկում է Գեւորգ Մհերյանի սպանության չորս վարկած: Ընդ որում, Ալիկ Սարգսյանը նշել է, որ հետաքննությունը արձանագրել է հանցագործության կատարման մեխանիզմը, իսկ այն նախապես ծրագրված է եղել:

2009 թվականի փետրվարի 3-ին՝ ժամը 20:15-ի սահմաններում, իր տան մուտքի մոտ՝ Երեւան քաղաքի Բարբյուսի փողոցի թիվ 65 շենքի 7-րդ հարկի հարթակում, վերելակի դիմաց, անհայտ անձի կողմից դիմահար արձակված հրազենային կրակոցներից դիտավորությամբ սպանվել է ՀՀ ոստիկանապետի տեղակալ Գեւորգ Պետրոսի Մհերյանը: Գ.Մհերյանը ստացել է կյանքի հետ անհամատեղելի հրազենային 4 մարմնական վնասվածք՝ 1-ը կրծքավանդակի, 3-ը՝ գլխի շրջանում:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի 8 պարկուճ եւ 4 գնդակ:

Ոստիկանապետի տեղակալի սպանության դեպքի առթիվ նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի եւ 235-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով, ստեղծվել է օպերատիվ-քննչական խումբ՝ ներգրավելով ոստիկանության, ազգային անվտանգության, Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին: