16 դեկտեմբերի 2020 - 15:02 AMT
ԱՀ նախագահ․ Պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ պատերազմի ավարտից հետո պատրաստ էր վայր դնել Հանրապետության նախագահի իր լիազորությունները, մի քանի պատճառով չի արել դա, բայց պատրաստ է անել առաջին իսկ հնարավորության դեպքում։

«Գիտակցելով պատերազմի հետևանքով առաջացած հանրային ու քաղաքական որոշակի տրամադրությունները Հանրապետության նախագահի պաշտոնից իմ հրաժարականի անհրաժեշտության մասով՝ կուզեի նշել, որ պատրաստ եմ հրաժարական տալ առաջին իսկ հնարավորության դեպքում, երբ Հանրապետությունը ներքին ու արտաքին պայմանների ու սահմանադրական կարգավորումների առումով պատրաստ լինի պատշաճորեն ու արժանապատվորեն հաղթահարել նախագահական ու խորհրդարանական ընտրությունների ծանր դժվարությունները»,-հայտարարել է նա։

Ըստ Հարությունյանի՝ «առնվազն անմեղսունակ պետք է լինել ժողովրդի դարդերը թողնելու և ներքաղաքական պայքարի կրկեսը մտնելու համար», հետո՝ ընտրությունները երկրում կարող էին սահմանադրական ճգնաժամ ստեղծել, չկար ընտրություն անցկացնելու համար համապատասխան միջավայր։

Հարությունյանը հայտնել է, որ հրաժարվում է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահի պաշտոնից և դուրս գալիս կուսակցությունից, որպեսզի նախագահի պաշտոնում կարողանա «գործել և ընկալվել որպես պետության վերկուսակցական գլուխ»:

«Առաջիկա օրերին հաստատելու եմ կառավարության նոր կառուցվածքը՝ օպտիմալացնելով տարբեր գերատեսչություններ, որպեսզի հնարավոր լինի բարձրացնել դրանց աշխատանքի արդյունավետությունը և խնայել հանրային միջոցներ։ Հաստատելու եմ նաև կառավարության նոր կազմը՝ կատարելով նշանակալի կադրային փոփոխություններ, այդ թվում՝ ուժային կառույցներում»,-հայտարարել է Արցախի նախագահը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։