16 դեկտեմբերի 2020 - 15:18 AMT
ՀՔԾ․ Մովսես Հակոբյանը խուսափողական է պատասխանել բանակի լրահամալրումը դադարեցնելու ձայնագրության մասին

Հատուկ քննչական ծառայությունը, արձագանքելով «Փաստինֆոյի» հրապարակմանը, հայտարարել է, որ ՀՀ ՊՆ ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանը վարույթն իրականացնող մարմնին խուսափողական պատասխաններ է տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ բանակի լրահամալրումը դադարեցնելու հանձնարարության մասին ձայնագրությունների վերաբերյալ։

«Փաստինֆո» լրատվական կայքում հրապարակվել էր տեղեկություն, թե Մովսես Հակոբյանը լրատվամիջոցի հետ զրույցում հաստատել է, որ վարույթն իրականացնող մարմնին տրամադրվել են Նիկոլ Փաշինյանի՝ բանակի լրահամալրումը դադարեցնելու հանձնարարության մասին ձայնագրությունները, և, ԶԼՄ-ի բնորոշմամբ, արդյունքում «վարույթն իրականացնող մարմինը հայտնվել է անելանելի վիճակում»։

ՀՔԾ հայտարարության մեջ նշվում է, որ լրատվականում հրապարակված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ավելին՝ Հակոբյանի հարցաքննության ընթացքում նպատակ ունենալով առկայության դեպքում անմիջապես առգրավել կամ այլ եղանակով ձեռք բերել քննարկվող ձայնագրությունը՝ նախաքննական մարմինը նրանից պահանջել է այն, սակայն Հակոբյանը ոչ միայն հստակ տեղեկատվություն չի ներկայացրել այդ ձայնագրությունը տիրապետող անձի վերաբերյալ, այլ, ըստ էության, խուսափողական պատասխաններ է տվել այդ հարցերի կապակցությամբ, ինչը վարույթն իրականացնող մարմնին զրկել է հիշյալ ձայնագրությունն առավել վաղ փուլում հայտնաբերելու և առգրավելու հնարավորությունից:

«Այսպիսով՝ իրականությանը չհամապատասխանող տեղեկությունների շրջանառումից և հանրությանը թյուրընկալումներից զերծ պահելու համար վերը նշված լրատվամիջոցին խորհուրդ ենք տալիս այսուհետ նախապես դիմել և ստանալ նաև վարույթն իրականացնող մարմնի պարզաբանումները, քանի որ նման գործելաոճը «անելանելի» վիճակի մեջ է դնում ոչ թե նախաքննական մարմնին, այլ առաջին հերթին հենց տվյալ լրատվամիջոցին»,- ասվում է ՀՔԾ հայտարարության մեջ:

ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանն ավելի վաղ հայտարարել էր, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ՝ Արցախն իր լրահամալրման պլանն իրականացրել է 70%-ով, ՀՀ-ն՝ 52%-ով, այստեղ «հանցագործություն է կատարվել», երկրի ղեկավարը կանգնեցրել է լրահամալրման բարդ գործընթացը և կամավորականներին առաջնագիծ ուղարկել։ Ըստ նրա՝ պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատու են այս գործընթացի համար ու գիտեն, որ գալու է ժամանակը, որ պատասխան են տալու, ձայնագրել են այս խոսակցությունը։