16 դեկտեմբերի 2020 - 15:35 AMT
Անհետ կորածների ծնողները հանդիպում են ԳՇ պետի հետ

ՀՀ պաշտպանության նախարարության մոտ բողոքի ակցիա իրականցնող անհետ կորած և գերեվարված մի շարք զինվորների ծնողների և հարազատների խումբը հանդիպում է Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հետ։

Հանդիպմանը մասնակցում է 10 մարդ, գրում է «Հայկական ժամանակը»։ Մյուս ծնողները բակում շարունակում են իրենց ակցիան՝ պնդելով, որ պայքարելու են մինչև վերջ, և եթե հարցին լուծում չտրվեց, հանձնվելու են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

Պաշտպանության նախարարության շենքի առջև բողոքի ակցիա իրականացնող անհետ կորած զինվորների ծնողները կոտրել էին նախարարության դուռն ու փորձել մտնել վարչական շենք։ Նրանք պատերազմից հետո պարբերաբար ակցիա են իրականացնում ՀՀ ՊՆ-ի, Կարմիր Խաչի դիմաց՝ պահանջելով տեղեկություն իրենց հարազատների մասին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։