ԱԳ նախարար․ Կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը

ԱԳ նախարար․ Կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում  հայ ռազմագերիների իրական թիվը

PanARMENIAN.Net - Կասկածներ կան, որ Ադրբեջանը չի տրամադրում հայ ռազմագերիների իրական թիվը, և որ նրանք կարող են շատ ավելին լինել, հայտարարել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Le Monde-ին հարցազրույցում։

ԱԳ նախարարը միևնույն ժամանակ հիշեցրել է, որ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել՝ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով փոխանակման վերաբերյալ։

Ավելի վաղ 45 հայ ռազմագերի է Բաքվից Հայաստան վերադարձել։ Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել նաև 2014-ին Քարվաճառում սպանություններ և ծանր այլ հանցանքներ կատարած դիվերսանտներ Շահբազ Գուլիևին ու Դիլհամ Ասկերովին։

«Անհրաժեշտ է այս խնդրին հրատապ լուծում գտնել, քանի որ ապացուցված է, որ հայ ռազմագերիները և պատանդի կարգավիճակում հայտնված քաղաքացիական անձինք անմարդկային վերաբերմունքի են ենթարկվում: Մենք աշխատում ենք մեր գործընկերների, մասնավորապես՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ, որպեսզի ապահովենք նրանց անհապաղ վերադարձը»,-ասել է նա՝ հավելելով, թե Բաքուն օգտագործում է թեման Հայաստանի ներքաղաքական իրավիճակի վրա ազդելու համար։

Այվազյանի խոսքով՝ չնայած Ադրբեջանն ու աջակիցները Մինսկի խմբի համանախագահների հասցեին քննադատություններ են հնչեցնում, հայկական կողմը մշտապես համոզված է եղել և շարունակում է հավատալ, որ նրանք «որոշիչ դերակատարում են ունեցել, ինչը թույլ է տվել վերջին քսան տարվա ընթացքում համեմատաբար կայուն խաղաղություն ապահովել տարածաշրջանում»։

«Հայաստանը չի ճանաչել Արցախի անկախությունը զուտ այն պատճառով, որ հնարավորություն, շանս ընձեռի բանակցությունների միջոցով հասնելու ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը։ Ոմանք այսօր սխալվում են՝ կարծելով, թե ռազմական ուժի կիրառմամբ Արցախի կարգավիճակի հարցը դուրս է բերվել օրակարգից։ Այդ առնչությամբ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են, որ Արցախի կարգավիճակի հարցը շարունակելու է մնալ բանակցությունների օրակարգում, որը գոհացնող է։ Տվյալ հարցում Ադրբեջանի անհամաձայնության դեպքում Հայաստանը կդիտարկի Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացը»,- հայտարարել է նա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Փաշինյանի խոսքով անհրաժեշտ է պատասխանել հարցին՝ այսինքն մեր տարածքաշրջանը հավերժ պատերազմների տարածաշրջան է, թե ոչ
Երրորդ նախագահի գրասենյակից հայտարարել են նաև, թե Ալիևն «իրեն հատուկ ցինիզմով հիմա էլ նենգափոխել բանակցային գործընթացի պատմությունը»
Սարգսյանը որոշել է դիմել Սահմանադրական դատարան՝ դրա Սահմանադրության համապատասխանության հարցը որոշելու խնդրանքով
Անդրադարձ է լինելու նաև եռակողմ հայտարարության դրույթների կատարմանը