Գերեվարված շիրակցիների հարցով բանակցությունների է մեկնում ԳՇ պետը

Գերեվարված շիրակցիների հարցով բանակցությունների է մեկնում ԳՇ պետը

PanARMENIAN.Net - Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը մեկնում է Ստեփանակերտ՝ խաղաղապահ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի հետ գերիների հարցով բանակցություններին մասնակցելու, փոխանցում է «Առավոտը»։

Ավելի վաղ ՊԲ-ից հայտնել էին, որ դեկտեմբերի 15-ի երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված ԱՀ ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ։ Ավելի ուշ Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը հայտնեց մոտ 60 զինծառայողի կորելու մասին։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ հաստատել է, որ մի քանի տասնյակ գերի կա Խծաբերդի հատվածում։

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանն ու նորանշանակ ոստիկանապետ Արամ Ղազարյանն այս մասին հայտնել են Հադրութի Խծաբերդ գյուղում շրջափակման ու գերության մեջ հայտնված կամավորների ու պահեստային զորակոչվածների հարազատների հետ հանդիպմանը։

«Բանակցությունները ժամով չեն, որ ասենք` ժամը 6-ին տեղեկատվություն տանք։ Ամենաբարձր մակարդակով են, այս ժամին ժամ չենք կարող ասել ձեզ, բայց որ պահին տեղեկատվությունը հասանելի կլինի, անմիջապես կասենք ձեզ»,-ասել է Տիգրան Պետրոսյանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---