17 դեկտեմբերի 2020 - 10:56 AMT
Ըստ ԱՄՆ Պետդեպի՝ ՌԴ պատճառով Արցախում «ապակայունացման ռիսկ կա»

ԱՄՆ պետքարտուղարի ռազմաքաղաքական հարցերով օգնական Քլարկ Քուպերը հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի ներկայությունը «ապակայունացման ռիսկ է պրունակում»։

Քուպերն այդպես է պատասխանել ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե ինչպես է պատրաստվում ԱՄՆ-ն օգնել տարածաշրջանի երկրներին` դիմակայելու ՌԴ ազդեցությանը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Դուք ասացիք, և ես համամիտ եմ այն դիտողության հետ, որ այնտեղ, որտեղ կա ռուսական ներկայություն այս դեպքում, կա ապակայունացման ռիսկ, և, անշուշտ, դա մարտահրավեր է մասնակից բոլոր պետությունների և կողմերի համար»,-ասել է Քուպերը։

Ըստ նրա, ԱՄՆ-ն անհրաժեշտ է համարում խաղաղ բանակցություններն ու Մինսկի խմբի մասնակցությունը դրանց, ինչպես նաև «լրացուցիչ ուշադրություն է հատկացնում հումանիտար հարցերին»։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։