17 դեկտեմբերի 2020 - 10:57 AMT
ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի՝ միջանկյալ միջոցը վերացնելու մասին պահանջը

Ադրբեջանի ջանքերը՝ չեղարկելու իր դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած որոշումները, տապալվել են, մերժվել է այդ երկրի կառավարության պահանջը՝ սեպտեմբերի 29-ին կիրառված միջանկյալ միջոցը վերացնելու մասին, փոխանցում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը։

Սեպտեմբերի 29-ի որոշմամբ Եվրոպական դատարանը կոչ էր արել Ադրբեջանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ ՄԻԵԴ-ը նաև կոչ էր արել Ադրբեջանին կատարել իր կոնվենցիոն պարտավորությունները, հատկապես Կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք) և 3-րդ (խոշտանգումների և անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի արգելք) հոդվածների առումով:

«Եվրոպական դատարանը հաշվի է առել այն, որ հատկապես գերեվարված անձանց իրավունքների պաշտպանության համար միջանկյալ միջոցի կիրառման պահանջները և դրանք հիմնավորող ապացույցները շարունակվում են ներկայացվել ընդդեմ Ադրբեջանի: Եվրոպական դատարանն ընդգծել է նաև, որ Ադրբեջանը պարբերաբար չի ենթարկվել այդ անձանց վերաբերյալ դատարանի՝ համապատասխան տեղեկություններ տրամադրելու պահանջներին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Եվրոպական դատարանի կարծիքով՝ միջանկյալ միջոցի հիմք հանդիսացող հանագամանքները շարունակում են առկա լինել, իր որոշումները վերացնելու կամ դրանց գործողությունը կասեցնելու հիմքեր չկան:

Եվրոպական դատարանը ընդգծել է, որ շարունակելու է քննել միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ ներկայացված պահանջները։