17 դեկտեմբերի 2020 - 12:57 AMT
Արցախի ՄԻՊ․ Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների իրական թիվը

Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հայտարարել է, որ Ադրբեջանը թաքցնում է հայ գերիների իրական թիվը։

«Հիմնավոր ապացույցներ կան, որ ադրբեջանական կողմի մոտ կան ավելի շատ գերիներ, քան վերադարձվել են, առնվազն տեսանյութերով մի քանի տասնյակ գերիների առկայությունն ապացուցված է և նույնականացված»,-ասել է նա, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Անդրադառնալով Հադրութի շրջանի Խծաբերդի ուղղությամբ ստեղծված վիճակին՝ Բեգլարյանն ասել է, որ ճշտված տեղեկություններով այդ ուղղությամբ 60 հոգանոց ստորաբաժանումն անհետ կորած է համարվում։ Նա հավելել է, որ դեռևս չեն կարող պնդել, որ նրանք գերի են ընկել։

«Թե ինչ է կատարվել, հստակ չէ։ Հաշվի առնելով տարածված տեսանյութը և որ իրենց հետ կապ չկա, եզրակացությունը գերվելու հետ է կապված»,-ասել է նա։

Պատասխանելով այն հարցին, որ տարբեր աղբյուրներ տարբեր թվեր են շրջանառում՝ Բեգլարյանն ասել է, որ 150, 160 կամ նույնիսկ 170 հայ գերու մասին լուրերը հիմնականում ադրբեջանական աղբյուրներներն են շրջանառում։

«Լուրը կարող է կեղծ չլինել այն առումով, որ պարտադիր չէ նրանք բոլորը Խծաբերդից լինեն։ Իրենք ուղիղ չեն էլ ասում, որ Խծաբերդից են։ Չի կարելի բացառել, որ Հադրութի անտառներում թաքնված խմբեր կարող էին գերության մեջ հայտնվել։ Ադրբեջանում կան թաքցրած այլ գերիներ, գուցե պայմանական 100-ը»,-ասել է նա։

Արցախի ՄԻՊ-ը տեղեկացրել է նաև, որ հավաքագրված ապացույցները ՀՀ ՄԻՊ-ի հետ միասին պարբերաբար փոխանցում են ռուս խաղաղապահներին, Կարմիր խաչին, ՄԻԵԴ-ին։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։