17 դեկտեմբերի 2020 - 17:38 AMT
ՄԻՊ-ը՝ Սյունիքի մասին․ Գործադիրը պարտավոր է պատշաճ բացատրություն տալ

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ադրադառնալով Սյունիքում սահմանների հետ կապված մտահոգություններին, ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, որ Կառավարությունը պարտավոր է պատշաճ բացատրություններ տրամադրել։

«ՀՀ կառավարությունը, հատուկ եմ շեշտում՝ ոչ թե Սյունիքի մարզային կամ համայնքային մարմինները, այլ մեր պետության գործադիր իշխանության բարձագույն մարմինը պարտավոր է հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ նրանց ու, առհասարակ, մեր ամբողջ հանրությանը վերաբերող հարցերի ու զարգացումների մասին»,-գրել է նա։

Նա հավելել է, որ դա քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է. «Դա ապահովելու ուղիղ պարտավորություն կրում է պետությունը և վերջ»:

«Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ։ Խոսքը Կապանին հարակից՝ քաղաքից արևելք գտնվող Ագարակ գյուղի, այլ ոչ Սյունիքի հարավային Ագարակ քաղաքի մասին է։ Փողոց են դուրս եկել կապանցիները և քաջարանցիները՝ իրենց բողոքը հայտնելով։

Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու ապահովության, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների, ու, վերջապես՝ ՀՀ պետական սահմանների անվտանգության մասին է»,- ասվում է ՄԻՊ գրառման մեջ:

Թաթոյանը նշել է, որ իր աշխատակազմի մասնագետների հետ միասին աշխատանքային հատուկ այցով եղել է Սյունիքում ու համոզվել այս խնդիրների խիստ արդիականության հարցում:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։