17 դեկտեմբերի 2020 - 17:56 AMT
ՀՀ-ում գործազուրկ արցախցիները հասարակական աշխատանքների համար օրական 8000 դրամ կստանան

Տեղահանված և ՀՀ-ում գտնվող Արցախի գործազուրկ քաղաքացիները կապահովվեն վարձատրվող հասարակական աշխատանքներով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով։ Կառավարությունը հաստատել է առաջարկված նախագիծը։

Նախատեսվում է մեկ աշխատանքային օրվա համար վճարել 8000 դրամ (ներառյալ եկամտային հարկը, դրոշմանիշային վճարը):

Վարձատրվող հասարակական աշխատանքների մեկ միջոցառման արժեքը չի կարող գերազանցել 2 մլն դրամը։ Ընդ որում, այդ ֆինանսական միջոցները կտրամադրվեն ինչպես աշխատավարձերի վճարման, այնպես էլ շինանյութեր, անհրաժեշտ ապրանքներ ձեռք բերելու, տեղափոխելու համար, աղբահանության համար, ինչը չպետք է գերազանցի գումարի 20 տոկոսը։

Գործադիրի մեկ այլ որոշման տեղահանված և փաստացի Հայաստանում գտնվող գործազուրկ արցախցիներն աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն կստանան։ Մինչև 3 ամիս ժամկետով գործատուների մոտ պրակտիկա անցնելու դիմաց նշված քաղաքացիները կվարձատրվեն 100,000 դրամով։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։