17 դեկտեմբերի 2020 - 18:11 AMT
Պողոսյան․ Ստեփանակերտում 12,000 ադրբեջանցի բնակեցնելու լուրը բացարձակ հիմարություն է

Ստեփանակերտում 12,024 ադրբեջանցի բնակեցնելու մասին լուրը բացարձակ հիմարություն է, որն ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ տարածում է՝ հայ հանրության շրջանում լարվածությունը մեծացնելու համար, հայտարարել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

«Հայկական լրատվամիջոցները, հղում անելով «Վեստնիկ Կավկազա» կայքին, ադրբեջանական աղբյուների հերթական ապատեղեկատվությունն են տարածում, թե իբր Ադրբեջանի 12,024 քաղաքացի կբնակեցվի Ստեփանակերտում։ Սա բացարձակ հիմարություն է, որը ադրբեջանական քարոզչամեքենան դիտավորյալ կերպով տարածում է՝ մեր հանրության շրջանում այս օրերին առկա լարված տրամադրություններն ավելի մեծացնելու համար»,- գրել է Պողոսյանը՝ հորդորելով զերծ մնալ այդ կայքից լուրեր տարածելուց։

Պողոսյանի հայտարարությունից մոտ մեկ ժամ առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը PanARMENIAN.Net-ին հայտնել էր, որ փախստականների վերադարձի հարցը եռակողմ հայտարարության կետերից մեկն է, սակայն հայկական կողմը թվեր նշել չի կարող։

Այժմ փորձում ենք կապ հաստատել Պողոսյանի հետ՝ ճշտելու համար, եթե եռակողմ հայտարարությամբ փախստականների վերադարձը պայման է, ապա ինչ թվի մասին է խոսքը և Արցախի որ շրջաններն են նրանք վերադառնալու։ Դեռևս չի հաջողվել կապվել նրա հետ:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։

Ընթերցեք նաև․ Վարչապետի խոսնակ․ Ստեփանակերտ վերադարձող ադրբեջանցիների թվի մասին ոչինչ ասել չենք կարող