17 դեկտեմբերի 2020 - 18:14 AMT
Կապանցիները պահանջում են հստակեցնել՝ որտեղով է անցնելու Ադրբեջանի հետ սահմանը

Սյունիքի մարզի Կապանի բնակիչները փակել էին Երևան-Կապան միջպետական ճանապարհի քաղաք մտնող հատվածը։ Նրանք պահանջում են հստակեցնել, թե որտեղով է անցնելու Ադրբեջանի հետ սահմանը, ու հայտարարել են, որ չեն բացի ճանապարհը, մինչև իրենց պարզ չասեն իրականությունը, գրում է «Առավոտը»։

Ոստիկանության Կապանի բաժնի պետ Զորիկ Վարդանյանը հորդորել է ցուցարարներին բացել ճանապարհը, չապակայունացնել իրավիճակը։ Ցուցարարները հակադարձել են, որ կառավարությունն է ապակայունացնում վիճակը, իրենք ուղղակի սահմաններն են ուզում պահեն, որ թուրքը չմտնի Կապան։

Ավելի վաղ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը Aysor.am-ին ասել էր, որ դեկտեմբերի 18-ին՝ մինչև 17:00-ն, Կապանի շահեկան դիրքերը հանձնվելու են թշնամուն։

«Մեր հարակից շրջանը Զանգելանի շրջանն է, Գորիսի հարակից շրջանը Կուբաթլուի շրջանն է: Այդ համաձայնագրի մեջ Կուբաթլուի և Զանգելանի շրջանների վրաբերյալ որևէ բան չկա»,- նշել է նա:

Մինչդեռ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ամենմայա մեծ ասուլիսում, անդրադառնալով ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությանը, ասել է, որ ըստ դրա՝ կողմերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքից դեպի հարակից Ագարակ գյուղ տանող ճանապարհահատվածի մի մասն ընկնում է թշնամու սահմանի մեջ, հայկական կողմին առաջարկվել է այլընտրանքային ճանապարհ։ Խոսքը Կապանին հարակից՝ քաղաքից արևելք գտնվող Ագարակ գյուղի, այլ ոչ Սյունիքի հարավային Ագարակ քաղաքի մասին է։ Փողոց են դուրս եկել կապանցիները և քաջարանցիները՝ իրենց բողոքը հայտնելով։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։