17 դեկտեմբերի 2020 - 18:44 AMT
Մեքենան ցուցարարի վրա միտումնավոր վարած անձի ինքնությունը պարզվել է

Դեկտեմբերի 9-ին ընդդիմության բողոքի ցույցի ժամանակ ավտոմեքենան դիտավորյալ ցույցի մասնակիցների վրա վարած անձի ինքնությունը պարզվել է։ Նա Երևանի բնակիչ է` ծնված 1985-ին:

Նույն օրը ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում քաղաքացուց հաղորդում էր ստացվել, որ ժամը 14։30-ի սահմաններում, Երևանի Մյասնիկյան պողոտային հարակից տարածքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը այն դիտավորյալ վարել էր նույն հատվածում բողոքի ակցիա իրականացնող անձանց վրա: Դրա հետևանքով մի քաղաքացի ստացել էր ձախ ոտքի կոտրվածք։

Բժշկի տրամադրած տեղեկանքի համաձայն՝ տուժած քաղաքացու մոտ ախտորոշվել է «ձախ սրունքի զույգ ոսկրերի ստորին երրորդի փակ կոտրվածք, ոսկրաբեկորների տեղաշարժով» մարմնական վնասվածք։

Դեպքի առթիվ դեկտեմբերի 11-ին ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժնի Մարաշի բաժանմունքում հարուցվել է քրգործ՝ ՔՕ 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասով (պատժվում է ազատազրկմամբ` երեքից յոթ տարի ժամկետով), որը դեկտեմբերի 16-ին ստացվել է ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ շրջանների քննչական բաժնում և ընդունվել վարույթ։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: