17 դեկտեմբերի 2020 - 19:40 AMT
ԱԺ փոխոսնակ․ Ուզում եմ րոպե առաջ ԱԺ արտահերթ ընտրություններ լինեն

Իշխանությունը երբ պատրաստ լինի, պետք է գնա արտահերթ խորհրդարանական ընտրությունների և քաղաքացիներին հնարավորություն տա որոշում կայացնելու, «այլ ոչ թե ժողովրդին իրար դեմ հանելու», հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Ես ուզում եմ` րոպե առաջ լինի այդ ընտրությունը, քանի որ այն պետք է բոլորիս։ Մենք հիմա պետք է մի պահ շունչ քաշենք էն հարվածից հետո, որ ստացել ենք ու հասկանանք մեր սխալները` գնահատելով` ոնց ենք մեր ապագան կառուցում։ Արտահերթ ընտրություններ կանցկացվեն, երբ դա տեխնիկապես և ֆիզիկապես հնարավոր լինի»,- ասել է նա, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Նրա խոսքով՝ իրենք ապացուցել են, որ կարող են արդար ընտրություններ կազմակերպել։

«Կգնանք ընտրությունների, կպարտվենք՝ կպարտվենք»,- եզրափակել է Սիմոնյանը:

ԱԺ փոխնախագահի խոսքով` եթե ընտրություններից հետո ժողովուրդը զգա, որ անօրինականություն է եղել, իշխանափոխություն կանի, որի ձևը, ըստ Սիմոնյանի, իրենք են ցույց տվել։

Դեկտեմբերի 9-ին ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով հնարավոր իշխանափոխության մասին հարցին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 16 քաղաքական կուսակցությունների առաջարկած ժամանակավոր կառավարությունը մեկ տարվա ընթացքում Հայաստանում վերականգնելու է ընտրակեղծարարության մեխանիզմները` խախտելով ՀՀ քաղաքացիների` ընտրության իրավունքը։

Նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ հայտարարությունից հետո ՀՀ-ում պարբերաբար վարչապետ Փաշինյանի հրաժարականի հրաժարականի պահանջով ցույցեր են։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։