17 դեկտեմբերի 2020 - 19:53 AMT
ՊԲ․ Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ 9 հայ զինծառայողի մարմին է հայտնաբերվել

Նախնական տեղեկություններով՝ Հին Թաղեր-Խծաբերդ ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի մերձակա տարածքում հայտնաբերվել է 9 հայ զինծառայողի մարմին, նրանց զոհվելու հանգամանքները դեռևս անհայտ են, փոխանցում են Արցախի պաշտպանության բանակից։

Զինծառայողների մարմինները հայկական կողմին են փոխանցվել դեկտեմբերի 16-ին ռուս խաղաղապահ զորախմբի կողմից։

«Ներկա պահին իրականացվում են անհրաժեշտ գործողություններ՝ զինծառայողների զոհվելու հանգամանքներն ու նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ ադրբեջանական կողմը սադրանքներ էր իրականացրել Հադրութի ու Շուշիի հարակից գյուղերում։ Գերված 73 զինծառայողի մասին տեղեկություն կա։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։