27 փետրվարի 2009 - 19:46 AMT
ԱԱԽ ղեկավարը գերմանացի պատգամավորին ծանոթացրել է 2009-2011թթ. համար Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի հետ
Հայաստանի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը փետրվարի 27-ին ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Բունդեսթագի պատվիրակության ղեկավարի տեղակալ Մարկոս Մեքելիին եւ ՀՀ-ում ԳԴՀ գործերի ժամանակավոր հավատարմատար տիկին Մելանի Մոլթմանին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Եվրոպական հարեւանության քաղաքականության, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի հետ անհատական գործընկերության ծրագրերին: Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: Արթուր Բաղդասդարյանը ներկայացրել է Հայաստան-Եվրամիություն գործողությունների ծրագրի շրջանակում 2009-2011թթ. իրականացվելիք գերակա ուղղությունները: Անդրադարձ է եղել նաեւ վերջին շրջանում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման միտումներին: Արթուր Բաղդասարյանը բարձրաստիճան հյուրին հրավիրել է մասնակցելու մայիսին Երեւանում կայանալիք «Անվտանգությունը Կովկասում» համաժողովին, որին մասնակցելու հայտ են ներկայացրել ՀԱՊԿ անդամ եւ ԵԱՀԿ մի շարք երկրների ներկայացուցիչներ, հաղորդում է ԱԱԽ մամլո ծառայությունը: