19 դեկտեմբերի 2020 - 10:03 AMT
Ալիևն ու Բորտնիկովը քննարկել են ԼՂ վերաբերյալ եռակողմ հայտարարությունը

ՌԴ Անվտանգության Դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում քննարկել են Արցախի վերաբերյալ եռակողմ հայտարարությունը։

«Հանդիպմանը քննարկվել է ընթացիկ իրավիճակը տարածաշրջանում, հակամարտության կարգավորումը, եռակողմ հայտարարության կետերի կատարումը։ Նշվել է, որ իրավիճակը կայուն է»,-տեղեկացրել է Ալիևի մամուլի ծառայությունը, գրում է ՌԻԱ Նովոստին։

Զրույցի ընթացքում քննարկվել են նաև անվտանգության ոլորտում ՌԴ և Ադրբեջանի միջև գործակցության հարցերը։

Բաքու մեկնելուց առաջ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովն այցելել էր նաև Երևան։ Այլ մանրամասներ այցի վերաբերյալ չեն հրապարակվել։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։