19 դեկտեմբերի 2020 - 10:38 AMT
Փաշինյան․ Սյունիքի որոշ ճանապարհների անխափան երթևեկությունը կարող է դժվարանալ, բայց դա լուծելի է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իր ուղերձում անդրադառնալով Սյունիքում ստեղծված իրավիճակին, հայտարարել է, որ սահմանների ճշգրտում է տեղի ունենում, ՀՀ ԶՈւ-ն, սահմանապահ ուժերը տեղակայվում են ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններին։

«Որոշ տրանսպորտային, լոգիստիկ հնարավորությունները կարող են բարդանալ։ Որոշ ճանապարհների անխափան երթևեկությունը կարող է դժվարանալ, բայց դրանք լուծելի հարցեր են։ Այս ուղղությամբ ջանքեր են գործադրվում, այդ թվում՝ եռակողմ փաստաթուղթ ունենալու միջոցով: Մեկնելու եմ Սյունիք և փարատելու եմ սյունեցիների բոլոր կասկածները։ Սյունիքի մարզի տարածքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել և չի զիջվելու։ Սրանում կարող եք համզոված լինել»,-ասել է Փաշինյանը։

Նա հավելել է, որ որոշակի բարդություններ և անհարմարություններ են առաջանում, բայց այս ամենն արվում է Սյունիքի անվտանգության երաշխիքներն ամրապնդելու համար։

Ավելի վաղ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 18-ին մինչ 17.00-ն Կապանի 13 համայնքի բարձունքները՝ շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն: Դեկտեմբերի 18-ի կեսգիշերին էլ Սյունիքի Շուռնուխ համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը կոչ էր արել ինքնապաշտպանության գնալ, քանի որ բարձունքները հանձնելով ադրբեջանական ուղիղ հսկողության տակ են հայտնվելու Շուռնուխն ու մի շարք այլ գյուղեր։ Բարձունքներ հանձնելու լուրերին զուգահեռ՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը հայտարարել էր, թե ՀՀ սուվերեն տարածքից ոչ մի միլիմետր Ադրբեջանին չի հանձնվում։ Վարչապետ Փաշինյանն էլ հայտնել է, որ դեկտեմբերի 21-ին ինքն անձամբ է այցելելու Սյունիք՝ ՏԻՄ-երի հետ հանդիպման։