19 դեկտեմբերի 2020 - 11:14 AMT
Գյուղապետ․ Սյունիքի Շուռնուխը կմնա հայկական, 12 տուն կարող է հայտնվել ադրբեջանական տարածքում

Սյունիքի մարզի Շուռնուխ համայնքը սահամանզատումից հետո մնալու է հայկական, սակայն գյուղի 12 տուն կարող է անցնել ադրբեջանական սահամանից այն կողմ, հայտարարել է համայնքի ղեկավար Հակոբ Արշակյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։

Նրա խոսքով՝ կադաստրային քարտեզով տները գյուղի տարածքում են, սակայն ադրբեջանական GPS-ը ցույց է տալիս, որ ճանապարհից ներքև ընկած հատվածն ադրբեջանական ԽՍՀ տարածքում է։

«Երեկ պաշտպանության նախարարն ասաց, որ գյուղի հարցը քննարկվում է, դեռ անորոշ է։ Երկու ժամ առաջ (դեկտեմբերի 18-ի երեկոյան, խմբ.) նախարարության ներկայացուցիչն ասաց, որ գյուղը մնալու է հայկական վերահսկողության տակ»,- նշել է գյուղապետը։

Արշակյանը նաև հայտնել է, որ համագյուղացիիներին զգուշացրել է՝ գյուղում մնալու ցանկությունն իրենցն է, քանի որ նախարարի խոսքից ինքը հասկացել է՝ «ամեն ինչ անորոշ է»։

Համայնքապետը նշել է նաև, որ գյուղում կին ու երեխա չկա, նրանք ավելի վաղ են լքել Շուռնուխը։

Դեկտեմբերի 18-ին Շուռնուխի համայնքապետը կոչ էր արել զենք վերցնել ու գնալ գյուղ՝ ինքնապաշտպանության։ Մի քանի օր է՝ Սյունիքի տարբեր բնակավայրերում ցույցեր են՝ սահմանների ապահովության, մարզը սահմանամերձ դառնալուն զուգահեռ՝ նոր սահամանազատումների պատճառով։

Ավելի վաղ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 18-ին մինչ 17.00-ն Կապանի 13 համայնքի բարձունքները՝ շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։