19 դեկտեմբերի 2020 - 12:08 AMT
ՄԻՊ․ Սահմանագծումների նման արագությունն իրական վտանգ է ժողովրդի համար

Սահմանազատումների ու սահմանագծումների նման արագությամբ գործընթացը պարունակում է իրական վտանգներ Հայաստանի սահմանային բնակավայրերի բնակիչների, ժողովրդի կյանքի, ֆիզիկական ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու նրանց կենսական կարևորության միջազգայնորեն ճանաչված մյուս իրավունքների համար, հայտարարել է մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

«Այս ամենը մեր պետականության անվտանգությունը երաշխավորելու ու մեր ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար պատշաճ հիմքեր ունենալու անհրաժեշտ քայլերից են, որ պետք է ապահովեն նաև մեր երեխաների, մեր սերունդների իրավունքների պաշտպանությունը»,-գրել է նա։

Թաթոյանի խոսքով՝ սահմանազատումների ու սահմանագծումների գործընթացին պետք է ներգրավել քարտեզագրության, գեոդեզիայի, ռազմական ու այլ ոլորտների մասնագետներ, պատմաբաններ, անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ տեղերում, պատշաճ իրավական հիմքերի ստեղծում և այլն:

ՄԻՊ-ն ընդգծել է նաև, որ սահմանազատումների ու սահմանագծումների հարցերում սկզբունքային նշանակության գործոն է ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինների կողմից կազմակերպված հայատյացության ու թշնամանքի քարոզի շարունակվող քաղաքականությունը:

Մի քանի օր է՝ Սյունիքի տարբեր բնակավայրերում ցույցեր են՝ սահմանների ապահովության, մարզը սահմանամերձ դառնալուն զուգահեռ՝ նոր սահամանազատումների պատճառով։

Ավելի վաղ Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հայտնել էր, որ դեկտեմբերի 18-ին մինչ 17.00-ն Կապանի 13 համայնքի բարձունքները՝ շահեկան դիրքերը հանձնվում են թշնամուն:

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից և Լաչինից։