Սյունեցիները հավաքվել են՝ արգելելու վարչապետի մուտքը մարզ․ Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է

Սյունեցիները հավաքվել են՝ արգելելու վարչապետի մուտքը մարզ․ Գորիսի քաղաքապետը ձերբակալվել է

PanARMENIAN.Net - Սյունիքի մարզում կրկին լարված իրավիճակ է, բնակիչները հավաքվել են մարզի դարպասների մոտ` արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը, փոխանցում է Aysor.am-ը։

Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ այցելում է Սյունիք՝ ծանոթանալու անվտանգային հարցերին։

Մեծ թվով ոստիկաններ են հավաքվել, նրանց մի մասը փակել է մարզի ճանապարհները՝ թույլ չտալու սյունեցիների բողոքի ակցիան։

Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանն էլ հայտնել է, թե ձերբակալվել է քաղաքապետ Առուշ Առուշանյանը, փոխանցում է News.am-ը:

Նա նշել է, թե իրենց բողոքի ակցիան, այնուամենայնիվ, շարունակվելու է: Ոստիկանությունից PanARMENIAN.Net ին ասացին, որ այդ գործով նախաքննությունը Քննչական կոմիտեում է, ՔԿ-ի հետ դեռևս կապվել չի ստացվում։

Ավելի վաղ Առուշանյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 21-ի վաղ առավոտից Տաթևացու անվան հրապարակից մեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։

Նիկոլ Փաշինյանը Սյունիք մեկնելու ճանապարհին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ տեղյակ է բողոքի ակցիայից՝ նշելով նաև, թե պատրաստ է նայել յուրաքանչյուրի աչքերին ու պատասխանել նրանց հուզող հարցերին։

Սյունիքում պատերազմից հետո բազմաթիվ ցույցեր են անցկացվել․ բնակիչներն անհանգստացած են մարզի սահմանամերձ դառնալու պատճառով առաջացող անվտանգային հարցերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---