Փաշինյան․ Սյունիքի սահմաններին կատարվողն անվտանգության ապահովման համար է

Փաշինյան․ Սյունիքի սահմաններին կատարվողն անվտանգության ապահովման համար է

PanARMENIAN.Net - Սյունիքի սահմաններին տեղի ունեցողը ոչ թե մարզը հանձնելու պրոցես է, այլ ընդհակառակը՝ մարզի անվտանգությունն ապահովելու համար է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Սյունիք այցի շրջանակում՝ Փաշինյանը Սիսիանի քաղաքային պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել պատերազմում զոհված զինծառայողներին, զրուցել հարազատների հետ։

«Խնդիրն այն է, երբ որ սահմանապահ զորքերը կանգնացնում ենք Հայաստանի սահմանի համապատասխան, դրանով մեր անվտանգության աստիճանն ուժեղանում է»,- հայտարարել է նա։

Վարչապետը նշել է, որ ՀՀ ներկայիս սահմաններն ամրագրված են վարչատարածքային բաժանման մասին օրենքով, որն ընդունվել է 2010 թվականին։ Ըստ Փաշինյանի՝ այդ օրենքում Ներքին Խնձորեսկ, Տեղ համայնքների մասով նշված է, որ Ադրբեջանի հետ սահմանակից են։

«2010-ին ոչ ոք չի ասել՝ դա Արցախի տարածքն է»,- ասել է նա՝ նշելով, որ դավաճանության ու հող հանձնելու հարցը բարձրացնում են այդ տարիներին պատգամավոր ու իշխանության անդամ եղած մարդիկ։

Փաշինյանի խոսքով՝ ՀԱՊԿ-ը չի միջամտել պատերազմին հենց այս պատճառով․ օրենքում, օրինակ, գրված է, որ Տեղ գյուղից հետո Ադրբեջանն է։

Փաշինյանը նշել է, որ Գորիսում, Կապանում ու Մեղրիում որոշ մարդիկ ճանապարհ են փակել, քանի որ իր գնալու դեպքում այդ քաղաքներում ևս լինելու էր այնպես, ինչպես Սիսիանում՝ չկազմակերպված հավաք (Սիսիանում հավաքվել են բազմաթիվ բնակիչներ, նրանք աջակցում են վարչապետին)։

«Բացե՛ք ճանապարհը՝ գնանք Գորիս։ Դուք էլ բազմաթիվ հարցեր եք տալիս, որոնք կոշտ են ու դժվար, ես ընդունում եմ, որ մենք այդ հարցերին պիտի պատասխանենք»,- ասել է նա։

Ավելի վաղ Գորիսի քաղաքապետ Առուշանյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 21-ի վաղ առավոտից Տաթևացու անվան հրապարակից մեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու վարչապետի մուտքը Սյունիքի մարզ»։

Նիկոլ Փաշինյանը Սյունիք մեկնելու ճանապարհին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել էր, որ տեղյակ է բողոքի ակցիայից՝ նշելով նաև, թե պատրաստ է նայել յուրաքանչյուրի աչքերին ու պատասխանել նրանց հուզող հարցերին։

Սյունիքում պատերազմից հետո բազմաթիվ ցույցեր են անցկացվել․ բնակիչներն անհանգստացած են մարզի սահմանամերձ դառնալու պատճառով առաջացող անվտանգային հարցերով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---