Ադրբեջանը հետաձգում է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության այցը ԼՂ

Ադրբեջանը հետաձգում է ՅՈւՆԵՍԿՕ-ի առաքելության այցը ԼՂ

PanARMENIAN.Net - ՅՈւՆԵՍԿՕ-ն պատրաստ է առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ և հարակից շրջաններ՝ պատմամշակութային ժառանգության դրությունը գնահատելու համար, սակայն Ադրբեջանից դեռ պատասխան չի ստացել, փոխանցում են ՄԱԿ-ից։

ՅՈւՆԵՍԿՕ-ի մշակույթի հարցերով փոխտնօրեն Էռնեստո Օտտոնեի խոսքով՝ այդ առաքելության համար պակասում է միայն Ադրբեջանի թույլտվությունը, իրենք մեկ անգամ չէ, որ դիմել են, սակայն ապարդյուն։

Դեռ նոյեմբերի 20-ին կառույցից պատրաստակամություն էին հայտնել ԼՂ ու հարակից շրջանների պատմամշակութային նշանակալի հուշարձանների գույքագրում իրականացնելու համար։ Այն խրախուսել էին նաև Մինսկի խմբի համանախագահները, ՀՀ և Ադրբեջանի ներկայացուցիչները։

Դեկտեմբերի 10-11-ին Միջկառավարական հանձնաժողովը հաստատել էր հուշարձանների դրության մասին անկախ գնահատականների անհրաժեշտությունը: Այդ առաքելությունը, սակայն, ըստ Հաագայի կոնվենցիայի, կարող է իրականացվել միայն հակամարտության երկու կողմի՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի համաձայնության դեպքում։

Ըստ Օտտոնեի՝ ամեն օր իրավիճակն ավելի է բարդանում, այդ թվում՝ եղանակային պայմանների վատացման պատճառով, և իրենք հույս ունեն, որ Բաքուն կարձագանքի։

Ադրբեջանը հայկական պատմամշակութային կոթողները, հուշարձանները վանդալիզմի ենթարկելու ու ոչնչացնելու փորձ ունի: Այդ երկրի զինվորականները ռազմական գործողությունների դադարեցումից հետո հայկական եկեղեցիներ ու գերեզմանատներ են պղծել։ Վանդալիզմի է ենթարկվել նաև Շուշիի Սբ Ղազանչեցոց եկեղեցին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---