Ընդդիմադիրները՝ Փաշինյանին․ Հեռու եք պաշտոնին համարժեք գիտելիքից, վարչական սահմանը պետականի հետ կապ չունի

Ընդդիմադիրները՝ Փաշինյանին․ Հեռու եք պաշտոնին համարժեք գիտելիքից, վարչական սահմանը պետականի հետ կապ չունի

PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիլոմետրերով հեռու է իր «պաշտոնին համարժեք տարրական գիտելիքներից», արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ ասել է, թե վարչապետն արտաքին քաղաքականության դաշտում հղում է անում երկրի «ներսի» համար գործող օրենքի:

Ընդդիմադիրներն արձագանքել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ներքաղաքական իրավիճակի մասին արած հայտարարություններին։

Փաշինայնն ասել էր, որ Քարվաճառն Ադրբեջանի մաս համարողներն իրեն մեղադրում են դավաճանության մեջ, նա հայտնել էր, թե 2010-ին ընդուված Վարչատարածքային բաժանման մասին օրենքի համաձայն՝ Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերը սահմանակից են Ադրբեջանին։

Մինասյանի խոսքով՝ վարչական սահմանը պետական սահմանի հետ կապ չունի, իսկ Վարչատարածքային բաժանման մասին օրենքով սահմանվում են համայնքների տարածքների ներքին սահմանները:

«Պետական սահմանն ունի իր բովանդակությունը և կառուցվածքը՝ անվտանգության գոտին, ենթակառուցվածքները, սպասարկող այլ կառույցներ, և այլն: Պետական սահմանի բովանդակությունը կազմող տարածքները՝ այսպես կոչված բաժանարար գծերը, պետք է նաև, իհարկե, ոչ միշտ, թելադրվեն տվյալ տարածքի ռելիեֆի բնական բնագծերով, օրինակ՝ գետեր, լեռներ, ձորակներ, և այլն (որտեղ որ դա հնարավոր է)։ Եթե պետության առաջին դեմքը չի պատկերացնում, թե ինչ է պետական սահմանը, ո՞նց կարող է այն պաշտպանել»,-ասել է նա։

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն էլ հետաքրքրվել է, թե ինչպես կարող է երկրի ներսի համար անգամ ոչ մի պարտականություն չսահմանող օրենքը գործել «դրսի համար»։

«Աշխարհում էլ որտե՞ղ կա վարչապետ, որ իր երկրի հազարավոր քաղաքացիների գլուխը կերած թշնամուն ավելի է սիրում, քան իր երկրի որևէ նախկին իշխանության ու թշնամու շահի ապասարկման համար տիեզերական մասշտաբի անգրագետ փաստարկ է բերում։ Պատասխան՝ ոչ մի»,- գրել է Հովհաննիսյանը՝ հայտնելով, որ Արցախը նշված չէր իր սահմանակից մասերով, քանի որ պաշտոնապես ճանաչված չէր։

Դեկտեմբերի 21-ին Սյունիք այցի ընթացքում վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ 2010-ին ընդունված օրենքով մարզը սահմանակից է Ադրբեջանին, այլ ոչ Արցախին։ Ավելի վաղ Հայաստանի ամենամեծ ոսկու հանքի՝ Սոթքի, մի մասն անցել էր Ադրբեջանին, քանի որ հանքի կեսը գտնվել էր նախկինում ազատագրված Քարվաճառում։ Քարվաճառը նոյեմբերի 10-ի համաձայնությունից հետո Ադրբեջանին է անցել։

Ընթերցեք նաև Փաշինյան․ Քելբաջարն Ադրբեջանի մաս համարող օրենքն ընդունողները մեզ դավաճանության մեջ են մեղադրում

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---