ԱՄՆ Պետական դեպարտամենտը քննադատում է Թուրքիային խոսքի ազատության խախտումների համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետական դեպարտամենտը քննադատում է թուրքական կառավարությունը խոսքի ազատության խախտումների համար: Հայոց ցեղասպանության մասին խոսող եւ գրող անձինք հետապնդման են ենթարկվում Թուրքիայում: Այդ մասին ասվում է 2008թ. մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ Պետդեպարտամենտի Զեկույցում:



Զեկույցի տվյալներով, Թուրքիայի կառավարությունը շարունակում է սահմանափակել խոսքի ազատությունը կրոնի, քաղաքականության, քրդական հարցում: «Կառավարությունը հետապնդում է նաեւ «թուրքական նույնությունը» կասկածի տակ դնող եւ Օսմանյան կայսրության հայերի զանգվածային կոտորածների մասին արտահայտվող անձանց: Հայկական հարցի մասին խոսող եւ գրող անձանց քրեական հետապնդում է սպառնում: Խոսքի ազատության լուրջ սահմանափակումները շարունակվում են, չնայած ԵՄ մտնելու ցանկության հետ կապված Թուրքիայի օրենսդրական բարեփոխումներին»,- նշվում է զեկույցում:



Ներկայումս քրդական հարցի վերաբերյալ հոդվածների հրապարակման համար Թուրքիայի բանտերում են գտնվում 21 լրագրողներ, բայց կառավարությունը հերքում է այդ փաստը:



2008թ. հոկտեմբերին Արդարադատության նախարարությունը հավանություն տվեց Թուրքիայի ՔՕ 301-րդ հոդվածի համաձայն հրատարակող եւ գրող Թեմել Դեմիրերի դեմ քրեական գործ հարուցելու որոշմանը: Նրան մեղադրանք ներկայացրեցին մի հայտարարության համար, որով նա հանդես եկավ Հրանտ Դինքի սպանությունից հետո` պահանջելով 1915թ. ողբերգական դեպքերը ցեղասպանություն ճանաչել:



Զեկույցում հիշատակվում է նաեւ հրատարակող Աթիլլա Թույգանի հետապնդումը: Վերջինս հայ-թուրքական հարաբերությունների մասին երկու գիրք էր թարգմանել: Դատական հետաքննությունը սկսվել էր 2007թ. մայիսին: Թույգանը արդարացվել էր, բայց նրա փոխարեն քրեական գործ էր հարուցվել հրատարակող Ռագիփ Զարաքօղլուի դեմ, որը դատվեց 2008թ. հունիսի 19-ին եւ դատապարտվեց հինգ ամսվա ազատազրկման: Զարաքօղլուն գրել էր «Ճշմարտությունը կազատի մեզ» գիրքը, որում հեղինակի տատիկը պատմում է 1915թ. ողբերգական դեպքերի մասին: Դատարանը հետաձգեց պատժի վճիռը, իսկ Զարաքօղլուն եւ նրա իրավապաշտպանը բողոքարկեցին այն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---